«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 32 աշխատակից ազատվել է աշխատանքից. Ավինյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 32 աշխատակից ազատվել է աշխատանքից:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդ մասին ցավով է խոսում, քանի որ խոսքը 32 ընտանիքի մասին է:

«Օրինակ, էն ընդդիմադիրները, որոնք որ հրահրում էին, ուղղորդում էին էս գործընթացը, ոգևորվել էին, նոր շարժում էին ուզում սկսել էս պրոցեսի վրա, հասկանո՞ւմ են, որ էս մարդիկ նման խնդրի առաջ կանգնեցին»,- ասաց Ավինյանը:

Ըստ քաղաքապետի, որոշ դեպքերում անհրաժեշտ կոշտությունն այլընտրանք չունի և Երևանի քաղաքապետարանի համար սև գումարի շրջանառությունն ու նման բարքերի շարունակությունն անընդունելի է, հատկապես այն պարագայում, երբ նրանց առաջարկվում է բավական մրցունակ աշխատավարձ:

Արդյո՞ք հնարավոր է միանգամից 30 վարորդ գտնել ու փոխարինել՝ հարցին, Ավինյանն ասաց՝ ՀՀ-ում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50 հազար վարորդ և հնարավորությունները լայն են:

«Մեր խնդիրն այն չէ, որ գործող վարորդներին փոխարինենք։ Բայց մենք չենք հանդուրժի նմանատիպ վերաբերմունք, կոմպրոմիս չի լինելու»։

Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել: Վերջիններս դժգոհություն էին հայտնել աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից: Ակցիայի վայր էին ժամանել ավագանու ընդդիմադիր անդամներ, պատգամավորներ, ակտիվիստներ և Երևանում նոր ընտրություններ անցկացնելու հայտարարություններ արել:

Երևանի քաղաքապետարանը նրանց այս գործողությունները որակել է շանտաժ և ներկայացրել, թե որքան աշխատավարձ են ստանում ավտոբուսների վարորդները:




Լրահոս