«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը օրերս ներողություն է խնդրել ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ ՔՊ վարչության նիստի օրը, որի ժամանակ կանչվել էին նաեւ ՔՊ գզվռտոցի «հերոսները»՝ Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Հրաչյա Հակոբյանը՝ հասկանալու, թե ինչու է Անդրանիկ Քոչարյանը վայրահաչում երկու պատգամավորների հասցեին, Նիկոլ Փաշինյանը կտրուկ է եղել: Նա պահանջել է Անդրանիկ Քոչարյանից կա՛մ ապացուցել, որ Սիսակ Գաբրիելյանն ու իր աներորդի Հրաչյա Հակոբյանը բիզնեսմենի «դեղ ցրողներն են» կա՛մ ողջ խմբակցության առջեւ՝ ի տես բոլորի, ներողություն խնդրել պատգամավորներից նրանց վիրավորելու եւ զրպարտելու համար:
Ինչպես արդեն հայտնել ենք, Քոչարյանը Սիսակ Գաբրիելյանին եւ Հրաչյա Հակոբյանին պիտակավորել է՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Եվ ահա տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, գլուխը կախ, ՔՊ վարչության անդամների մոտ ներողություն է խնդրել Հակոբյանից եւ Գաբրիելյանից՝ իր սուտ խոսքերի եւ զրպարտությունների համար:
Նիկոլ Փաշինյանը խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանից պահանջել է նաեւ ներողություն խնդրել մյուս բոլոր ՔՊ-ականներից եւս, ում վիրավորել է, որոնց թիվը, ի դեպ, բավականին մեծ է: Ընդ որում, Փաշինյանը, պատիժը խստացնելու համար, պայման է դրել, որ Քոչարյանը մեղայական գա հենց կուսակցական նիստերի ընթացքում, բոլորի ներկայությամբ:
Անդրանիկ Քոչարյանը, սակայն, դեռ այս առումով դիմադրում է ու հրաժարվում է իր մյուս թիմակիցներից էլ ներողություն խնդրել՝ անտեղի պիտակավորելու ու վիրավորելու համար: Ի դեպ, Քոչարյանը կտրականապես դեմ է Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանից ներողություն խնդրել, որին բոլորի մոտ զրպարտում է, ինչի համար էլ Փամբուխչյանը դիմել է Փաշինյանին:
Դեռ միայն Փաշինյանի աներորդուց՝ Հրաչյա Հակոբյանից է ներողություն խնդրել ու Սիսակ Գաբրիելյանից:
ՔՊ-ում Նիկոլ Փաշինյանի փոխարեն արդեն պատգամավորներն են գործադիրում վերադասավորումներ անում: Ինչպես ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը ողջ իրավապահ կառույցի ղեկավարների ոտքի տակ փորեց ու հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը նրանց պաշտոնանկ անի, հիմա էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է որոշել իրենով անել առողջապահության նախարարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այս օրերին լծվել է նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնանկ անելու գործին: Նիկոլ Փաշինյանի մոտ եւ նաեւ հրապարակավ նա մատնանշում է առողջապահության ոլորտում տիրող խայտառակ վիճակը, բացթողումները, որպեսզի Փաշինյանը վերջնական որոշում կայացնի Անահիտ Ավանեսյանի վերաբերյալ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց է մտքին դրել ազատվել Անահիտ Ավանեսյանից, ու «մազ» է մնում, որ վերջնական որոշում կայացնի, եւ եթե Թորոսյանը մի քիչ էլ ջանք թափի, ապա կհասնի իր նպատակին, ու Ավանեսյանը կհեռացվի: Արսեն Թորոսյանը մտադիր է Անահիտ Ավանեսյանից հետո իր վստահելի մարդուն նշանակել այդ պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չարձագանքեց:
ՔՊ-ականները երեկ ԱԺ-ում «մինի խնջույք» են կազմակերպել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորներն իրենց գործընկերոջ՝ Բաբկեն Թունյանի սենյակում են հավաքվել ու շնորհավորել նրան՝ հորեղբայր դառնալու կապակցությամբ: Տեղեկացանք, որ քիչ թվով պատգամավորներ են եղել եւ համեստ սեղանի շուրջ հավաքվել ու շնորհավորել են Թունյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նորանշանակ ՆԳՆ նախարարի նշանակումից հետո ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրահանգով ՀՀ-ում գործընթաց է մեկնարկել։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշվել է հանրապետությունում թիկնապահներով ու մի քանի մեքենաներով շրջող անձանց մեքենաները կանգնեցնել ու բերման ենթարկել՝ այդ ճանապարհով արգելելով հանրապետությունում մի քանի մեքենաներով ու թիկնապահներով պտտվելը: Արդեն 4 օր է, ինչ գործընթացը մեկնարկել է։ Իսկ ի՞նչն է եղել հրահանգի առիթը: Բանն այն է, որ նոյեմբերի 15-ին կայացած Կառավարության նիստում, Փաշինյանը, խոսելով իրավապահների աշխատանքի մասին, նշել էր, որ դատաիրավական համակարգին իրենք տրամադրել են այն ամենը, ինչ պահանջվել է, եւ այժմ ակնկալում են արդյունքներ։ Փաշինյանը Կառավարության նիստում նշել էր. «Ես որ գյուղ գնամ՝ նույն բաներից են խոսում, որ «էս մեկից» բոլորը էն ժամանակ վախենում էին, հիմա էլ են վախենում։ Նրանք, ովքեր մյուսներին վերեւից էին նայում, էլի անում են նույնը, ու ստացվում է՝ Հայաստանում թույլ իշխանություն է։ Կներեք, ուրեմն թույլը ուժային կառույցներն են։ Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը ինձ «թույլ» անվանի»: Ըստ էության՝ այս խոսքերի տողատակերում ազդակներ էին, որոնք ուղղված էին նրանց, ովքեր քաղաքում եւ գյուղերում մի քանի մեքենաներով ու թիկնապահներով են շրջում, անպատժելի են։ Կարճ ասած՝ մարդկանց «ասֆալտին փռելու» հերթական փուլն է մեկնարկել: