ԻՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ՀԵՌԱՑԱՎ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարության կադրային ջարդին չդիմացավ նաեւ ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, ով որոշում էր կայացրել լքել պաշտոնը՝ նշանակումից գրեթե մեկ տարի անց։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։

Այսպիսով, ինչ ունեցվածքով հեռացավ Կարեն Կարապետյանը։

ՀՀ արդադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 22-ին։

Մինչեւ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը՝ Կարապետյանը 2017-2018 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի պատասխանատու։

2019-2022 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Փաստաբանի մասնագիտության խթանումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Եվրոպական միության Արեւելյան գործընկերության երկրների տարածաշրջանային ծրագրի ղեկավար։

Արդարադատության ոլորտում չունենալով զգալի կենսագրություն՝ Կարապետյանը եկել է արդարադատության ոլորտ գուցե առանց պատճառի, բայց ոչ պատահական։

Ըստ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2020 թվականին ձեռք բերված բնակարանը, նվիրատվություն է, որը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում։

ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2011 թվականի արտադրության Volvo մակնիշի մեքենա։

Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 2 մլն 965 հազար դրամ, բանկային մնացորդները՝ 6 հազար եվրո եւ գրեթե 1 մլն 800 հազար դրամ։

Փոխնախարարի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 542 հազար դրամ, որից 12 մլն 757 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարությունից։

Քանի որ Կարեն Կարապետյանը 2022-2023 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի եւ կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավարը, ըստ այդմ՝ Եվրոպայի խորհրդից ստացել է 7 հազար եվրո աշխատանքի վարձատրություն։

Հաշվետու տարվա եկամուտներից 1000 եվրոն ապահովագրության փոխհատուցում է Henner GMC-ից, իսկ 22 հազար դրամը փոխառություն է «ՀայԷկոնոմբանկ»-ից։

Փոխնախարարի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9 մլն 802 հազար դրամ։ Վարկային պատմությունից հասկանում ենք, որ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 21 հազար եվրո։

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հայտարարել է հրաժարականի մասին: Որոշման մասին փոխնախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Որոշում կայացրի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ եւ պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարեւոր պաշտոնում:

Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ եւ հաճույք էր աշխատել կողք կողքի եւ կիսել այս բարդ ճանապարհը։ Իրապես, անչափ հպարտ եմ այն արդյունքներով, որը մենք միասին գրանցել ենք՝ իրավական, դատական եւ հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձեւավորել մեր երկրի ապագա իրավական եւ ինստիտուցիոնալ համակարգը եւ կայուն հիմք կհանդիսանան նախարարության նոր թիմի հետագա արդյունավետ աշխատանքների համար։

Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր բոլոր միջազգային գործընկերներին, որոնք այս ամբողջ ընթացքում կիսել են մեր ձգտումները եւ անվերապահորեն աջակցել մեր բարեփոխումների օրակարգին»,- գրել է փոխնախարարը:

 

 




Լրահոս