ԱՍՏՂԵՐՆ ԷՐ ՎԱՅԵԼԵԼ ՈՒ ՉԷՐ ՊԱՏԿԵՐԱՑՐԵԼ՝ ՍԵՎԱՆԸ ՆԱԵՎ ՄԱՐԴԱԿԵՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի առեղծվածային մահվան դեպքից անցել է 6 ամիս եւ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է պարզվել վարույթի կապակցությամբ: Ի պատասխան՝ Կոմիտեից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։

 

Ասել է թե՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան, որպեսզի պարզվի՝ ինչ հանգամանքներում է կոմպոզիտորի մահը վրա հասել։

Զրուցեցինք Անահիտ Մնացականյանի մայրիկի՝ Ռուզաննա Մնացականյանի հետ՝ հասկանալու համար, թե ի վերջո իրենք պարզեցի՞ն, թե ինչ կատարվեց:

Ի պատասխան՝ կոմպոզիտորի մայրը հայտնեց.

-Առեղծված չէ, աղջիկս կոմպոզիտոր էր, անվախ էր, կյանքը տեսնում էր իր բոլոր գույներով։ Հրաշք, արեւ անձնավորություն, ով շատ սիրում էր բնությունը, ընկերներին, կենդանական աշխարհը, բոլոր ազգերի խոհանոցը։ Ասում էր՝ ժամանակ ունենանք, միասին ճանապարհորդենք, ծանոթանանք բոլոր ազգային ճաշատեսակներին եւ երաժշտական գործիքներին։ Ուսումնասիրում էր, շատ յուրահատուկ ձեւով տիրապետում էր տարբեր ազգերի գործիքների հնչյուններին։ Դրանք օգտագործում էր իր ստեղծագործություններում` ներկայացումների, կինոների… Անցյալ տարի Պետերբուրգում` Շեքսպիրյան (Midsummer night’s dream) ներկայացման կոմպոզիտորն էր։ Ռեժիսորը Կարո Բալյանն էր։ Մեծ հաջողության արժանացավ ներկայացումը։ Նոր ներկայացման երաժշտության կապակցությամբ ստեղծագործելու առաջարկ ուներ, Ղազախստանում պետք է բեմադրվեր։ Ուսումնասիրում էր Ղազախական գործիքները, որ կիրառեր։ Խաղային ոլորտում ձայնային հնչյուններ էր ստեղծում։ Մասնակցել էր մրցույթի, որտեղ հաղթել էր, հղումը կարող եմ ուղարկել։ Այդ արդյունքի հիման վրա՝ հրավիրել էին Նորվեգիա՝ աշխատելու sound designer: Մշակ էր, սահմանամերձ գյուղերում ամեն շաբաթ-կիրակի գնում էր կրթելու երեխաներին՝ բարեգործական հիմունքներով։

Անվերջ կարող եմ գրել նրա մասին՝ մինչեւ երեկո, չեմ վերջացնի։

Ուզում եմ ասել՝ շատ գործ ուներ, ժամանակ չուներ։

Ասաց՝ գնանք միասին մի տեղ, հանգստանանք, վերադառնանք, որ նորից գործերիս անցնեմ։ Հետո ասաց՝ չէ, ժամանակ չկա, այս 2 օրն է։ Շատ էր ուզում լողալ, ասացի՝ չմտնես հանկարծ, մամուռ է, տե’ս։ Նայեց իր սիրուն աչքերով, ասաց՝ լավ էլ մաքուր է։ Պարզապես ռիսկերը չհաշվեց: Աստղերն է վայելել, ու չի էլ պատկերացրել, որ Սեւանը մարդակեր է։ Շատ անվախ էր իմ գանձը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սեւանի բաժին էր դիմել կոմպոզիտորի մայրը եւ հայտնել էր, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սեւանի վարչական տարածքում գործող հանգստյան գոտի, ինչից որոշ ժամանակ անց ինքը տեղեկություն չի ունեցել աղջկանից, եւ կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Արդյունքում՝ հունիսի 3-ին հայտնաբերեցին կոմպոզիտորի դին, ու մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաեւ նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս