Հայկ Մարությանի թիմը Տիգրան Ավինյանին փոխարինող տեսնում է Իզաբելլա Աբգարյանին․ նոր զարգացումներ՝ ավագանիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության դեպքում քաղաքապետի թեկնածու դիտարկում է խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին։

ArmLur. am-ը հայտնել էր, որ Հայկ Գրիգորյանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը պատրաստվում է Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց սկսել։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուրբաթ օրը ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության՝ Հայկ Մարությանի թիմի անդամները՝ այսինքն՝ անկուսակցական 5 և «Նոր ուժ» կուսակցության 3 անդամները քննարկել են Հայկ Գրիգորյանի՝ քաղաքապետի պաշտոնանկության նախաձեռնությունը։ Քննարկման արդյունքում որոշվել է, որ եթե միանան Հայկ Գրիգորյանի նախաձեռնությանը, ապա իրենց թեկնածուն լինելու է Իզաբելլա Աբգարյանը։

ArmLur.am-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը նշում է՝ գտնում ենք, որ մայրաքաղաքի կառավարման իրավունքը պետք է հանձնել երևանցիներին, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով միանալ ընդդիմադիր ուժերին, սակայն պաշտոնանկության գործընթացի հետ կապված մտահոգություններ ունենք, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները 33 ձայն չունեն․

«Իսկ գործընթացը տապալելու դեպքում, մենք միայն մեկ մարդու լավություն կանենք՝ Տիգրան Ավինյանին, ով ևս մեկ տարվա իմունիտետ կստանա։

Բացի դա, պաշտոնանկության նախագծում պարտադիր պետք է նշված լինի ընդդիմության միասնական թեկնածուն, անուն-ազգանուն պետք է լինի։ «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանն առաջարկել է, որ ամեն խմբակցություն իր թեկնածուն առաջադրի։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը 8 կողմ ձայնով որպես քաղաքապետի թեկնածու տեսնում է ինձ, մյուս խմբակցությունները ևս կարող են իրենց թեկնածուներին առաջադրել։

Հայկ Գրիգորյանի «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները հենց Հայկ Գրիգորյանի թեկնածությունն են առաջադրում, իսկ արդեն խմբակցության մեծամասնության թեկնածուն ես եմ։

Ի վերջո բոլորս պետք է գանք համաձայնության մեկ թեկնածուի շուրջ, այստեղ նույնպես ես բարդություն եմ տեսնում, կարծում եմ՝ հենց սրա համար Հայկ Մարությանին հեռացրին, որպեսզի չլինի թեկնածու, որն անվիճելի կլինի։

Իսկ թե ինչո՞ւ է խմբակցությունն ինձ առաջարկում, քանի որ ես անկուսակցական եմ և կարող եմ մյուս խմբակցություններին կապող օղակ լինել, բացի սա՝ ունեմ մեծ փորձ ավագանիում»,-ասում է Իզաբելլա Աբգարյանը։




Լրահոս