«Երեկվա արդյունքները ընդունում ենք ի գիտություն»․ ինչու Գյումրիում մերժեցին ՔՊ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններում առավելագույն ձայները ստացավ Սարիկ Մինասյանը, ով ՔՊ կուսակցության անդամ չէ։

Նախնական ընտրություններում առաջադրված էր նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որին ՔՊ-ն նախապես մտադիր էր առաջադրել համայնքապետի ընտրություններում, սակայն նրա թմրանյութի թեստի աղմկահարույց բացահայտումներից հետո մերժեց նրան։

ArmLur.am-ը Գյումրու համայնքապետի ընտրությունների վերաբերյալ զրուցել է ՔՊ խմբակցության գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանի հետ։

-Տիկին Պալյան, երեկ փաստացի համայնքապետի նախնական ընտրություններում ՔՊ-ն պարտվեց, գյումրեցիները իրենց ձայնը տվեցին անկուսակցական Սարիկ Անդրեասյանին, որը ՔՊ անդամ չէ։ Մերժեցին նաև Կարեն Սարուխանյանին, ում դուք աջակցում էիք։ Ի՞նչն էր պատճառը ըստ Ձեզ, ինչո՞ւ գյումրեցին մերժեց ՔՊ-ին։

-Ես անկախ ամեն ինչից շարունակում եմ պաշտպանել Կարեն Սարուխանյանի թեկնածությունը, նրա քաղաքական դիրքորոշումները, երեկվա արդյունքները որևէ կերպ չեն ազդել իմ կարծիքի վրա։ Միևնույն ժամանակ համաձայն չեմ, որ ՔՊ-ն պարտվեց։ Սա ՔՊ-ի կազմակերպած ընտրություններն են, այն մարդը, որը երեկ գյումրեցիների որոշմամբ հաղթեց նախնական ընտրություններում, ինքը ևս ՔՊ վարչության կողմից հաստատված թեկնածու էր, ինքը ևս կապ ունի կուսակցության հետ։

-Դե փաստացի ՔՊ-ի նախընտրելի թեկնածուն՝ Կարեն Սարուխանյանը, ում մտադիր էր իշխանությունը առաջադրել համայնքապետի պաշտոնում, չընտրվեց, ավելին՝ ձայների քանակով անգամ 2-րդը չէր։

-Դա գյումրեցիների որոշումն էր, պետք է նաև հիշել, թե պարոն Սարուխանյանի դեմ վերջին մեկ ամսում ինչ արշավ էր տարվում, այդ ամենը չէր կարող չազդել արդյունքների վրա։ Միևնույն ժամանակ շարունակում եմ պնդել, որ Կարեն Սարուխանյանը ոչ միայն Գյումրու, այլ Շիրակի մարզի ՔՊ կուսակցության ողնաշարն է, երեկվա արդյունքները ընդունում ենք ի գիտություն, հաշվի ենք նստում։

-Երեկ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ ամեն բան առջևում է։ Ի՞նչ նկատի ուներ նա, ի՞նչն է առջևում։

-Այն նկատի ուներ, որ կյանքը շարունակվում է և չի ավարտվում ընտրություններից կամ այլ պրոցեսից հետո։ Կարեն Սարուխանյանը նաև առաջինն էր, որ շնորհավորել է հաղթած թեկնածուին։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս