ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ոչ թե փոքր և միջին բիզնեսի վերացման և նրանց ճնշելու համար է, այլ՝ «Շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է, այդ թվում թալանվածը եւ թալանվողը ետ բերելու»։
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների մեկնաբանություններին պատասխանելու արշավի ընթացքում արձանագրել է, որ քաղաքացիների մեծամասնության բողոքը հենց հարկային նոր օրենքի փոփոխության մասին է։
Ըստ Փաշինյանի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգիքրը սարսափելի չէ, պետք է հասկանալ իրականում ինչ է տեղի ունենում․
«Առևտրի կետերը որպես հարկ պետք է վճարեն շրջանառության 5%-ը, եթե իրենց կողմից վաճառվող ապրանքները փաստաթղթավորված չեն, այսինքն, եթե իրենք որևէ ապրանք վաճառում են, չեն գրել որտեղից են ձեռք բերել։ Եթե ցույց են տալիս, թե որտեղից են ձեռք բերել, այդ դեպքում հարկերը կարող են նվազեցվել և հասնել 1,5%-ի»,- Ֆեյսբուքյան տեսանյութում ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ օրենքի նախագծի հիմքը օրենքի դաշտում աշխատողների համար հարկային տոկոսի նվազումն է։
Բանն այն է, որ բազմաթիվ տնտեսագետներ օրենքի նախագծերի երկարատև ուսումնասիրությունից հետո, պնդում են, որ սա քայքայիչ նախագիծ է։ Հավելում են, որ եթե այսպես շարունակվի, ապա փոքր և միջին բիզնեսը գոյատևել չի կարող և գոյություն ուենալու իմաստ էլ չի լինի։
Փաշինյանը, սական, պնդում է հակառակը, որ խնդիր առաջանալու է ոչ թե փոքր և միջին բիզնեսի համար, այլ խոշոր բիզնեսի համար։
«Որովհետև չփաստաթղթավորման հնարավորություններով խոշոր բիզնեսները իրենց միլիոնների և միլիարդների ներկրած ապրանքները ՀԴՄ-ներով և փոքր կետերի միջոցով ծախսակրում են, դուրս են գրում, վաճառում են, բայց դա հնարավորություն է տալիս, որ իրենք ցույց չտան իրենց կողմից ներմուծված ապրանքների իրական չափը և այսպիսով խուսափում են հսկայական հարկեր վճարելուց»։
Փաշինյանի խոսքերը կարելի է ուղիղ մեղադրանք համարել խոշոր առևտրական կենտրոնների սեփականատերերին ուղղված։ Ըստ հասարակական-քաղաքական գործիչների և տնտեսագետների՝ այս հարկային օրենքի փոփոխման նախագիծը նպատակ ունի լրացնել բյուջեում առկա դեֆիցիտը, որը հարկատուներից «կքերի» գրեթե 13 միլիարդ դրամ։
Էմմա Միքայելյան