Ահազանգ. Արցախից եկած ուսանողներն Ագրարային համալսարանում խնդրի առաջ են կանգնել. ուսման վարձը չի փոխհատուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգում են, որ 2023թ.-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքներ, սոցիալական բազմաթիվ խնդիրներից զատ ունեն նաև իրենց երեխաների կրթությունն ապահովելու խնդիր:

Տեղահանված արցախցիների նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության շարունակականությունն ապահովելու և բռնի տեղահանված ընտանիքների սոցիալական բեռը այդ մասով թեթևացնելու համար 2023թ.-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է 2291-Լ որոշումը, որի համաձայն առաջին կուրս ընդունված ուսանողների ուսման վարձերը վճարվում են Հայաստանի Հանրապետության կողմից: Այդուհանդերձ ՀՀ Ազգային ագրարային համալսարանի հետ կապված ծագել է խնդիր, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կա՛մ չի ցանկանում լուծել, կա՛մ չի ընկալում խնդիրը:

2023թ. սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ընդամենը չորս ուսանող ՀՀ տեղափոխվելուց հետո ուսումը շարունակել են Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի երրորդ կուրսում, որը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել են Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան՝ համապատասխան մասնագիտությամբ հեռակա բաժնի 2-րդ կուրս: Ինչո՞ւ միանգամից երկրորդ կուրս, որովհետև սահմանված կարգի համաձայն, Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը գերազանցությամբ ավարտելու դեպքում ուսանողը ՀՀ Ագրարային համալսարան դիմելու դեպքում միանգամից ընդունվում է համալսարանի երկրորդ կուրսում:

Քանի որ այդ չորս ուսանողները համալսարանի երկրորդ կուրս են ընդունվել սահմանված կարգի համաձայն, սակայն իրականում դա նրանց բարձրագույն կրթական հաստատություն ընդունվելու առաջին տարին էր, կարծել են, որ իրենց ուսման վարձը նույնպես վճարվելու է ՀՀ-ի կողմից՝ Կառավարության 2023թ. թիվ 2291-Լ որոշման համաձայն: Մինչդեռ ուսումնառության առաջին տարում իրենց հայտնել են, որ ուսման վարձը պետության կողմից չի վճարվելու և այն պետք է վճարեն ուսանողների ծնողները: Ստեղծված իրավիճակում ուսանողները այդ հարցով դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, սակայն օրեր անց ստացել են անբովանդակ պատասխան այն մասին, որ փոխհատուցում տրվում է միայն առաջին կուրս ընդունվածներին՝ առանց հասկանալու հարցի էությունը:

Խնդրի մասին գրավոր դիմում է ներկայացվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաշվի առնելով վերջին շրջանում սոցիալական ցանցերում Վարչապետի ակտիվությունը, նույն դիմումը ուղարկվել է նաև նրա ֆեյսբուքյան էջին, սակայն օրեր անց Վարչապետի աշխատակազմից ստացել են պատասխան, որ դիմումը նորից վերահասցեագրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարություն, որի անգործության պատճառով արցախցի ուսանողները ստիպված էին դիմել ՀՀ վարչապետին: Այս պահին ուսանողներից երկուսը անվճարունակության պատճառով ստիպված ընդհատել են կրթությունը, իսկ մյուսները սպասում են՝ հույս ունենալով, որ Կառավարությունում կգտնվի ողջամիտ մեկը, ով կհասկանա Կառավարության համապատասխան որոշման նպատակն ու իրենց նույնպես կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում և իրենք նույնպես կունենան բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն:

ArmLur.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հանրային կապերի և տեղեկատվության բաժնի պետ Աստղիկ Մելիք-Քարամյանի հետ և նա զրույցում նշեց․ «Փոխհատուցումը տրվում է մինչև տվյալ ուսման մակարդակի ավարտը, ինչպես նաև այն առաջին կուրսեցիներին, ովքեր ընդունվել են 2024-25 թվականին բուհ միասնական քննությունների արդյունքում, բուհից բուհ տեղափոխման դեպքում կորցնում են կրթաթոշակից օգտվելու հնարավորությունը»:

Նրա խոսքով՝ եթե անցած տարի ուսանողը եղել է շահառու, այս տարի ևս պետք է շարունակի լինել շահառու, կախված ՄՈԳ-ից:

Աստղիկ Մելիք-Քարամյանը հորդորեց, որ ArmLur.am-ին դիմած քաղաքացին կրկին կապվի իրենց հետ, խնդրին լուծում տալու համար:

Էմմա Մարտիրոսյան

 




Լրահոս