Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիացի զինյալները մտել էին Դամասկոս եւ հայտարարել Բաշար ալ-Ասադի կառավարության տապալման մասին։ Ապստամբներն ասում էին, որ նա փախել է երկրից: Reuters-ը եւ Bild-ը գրում էին նաեւ, որ նախագահը լքել է Դամասկոսը։ Սիրիայի առաջնորդի գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություններ չեն տալիս։
Կառավարությունը հայտարարել էր, որ ոչինչ չգիտի Ասադի գտնվելու վայրի մասին: Վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին պարզաբանել է, որ վերջին անգամ իր հետ շփվել է դեկտեմբերի 7-ի երեկոյան։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են երկրում տիրող իրավիճակը, ապա Ասադն ասել է. «Կտեսնենք վաղը»։ Դրանից հետո նրանք չեն շփվել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ երկիրը կապեր չի պահպանում Ասադի հետ, չնայած այն հանգամանքին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է հարաբերությունների կարգավորումը։ Ֆիդանի խոսքով՝ Ասադն այժմ կարող է գտնվել Սիրիայի սահմաններից դուրս։
«Ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ այս հարցում։ Մենք չգիտենք, թե որտեղ է նա։ Միգուցե նա գտնվում է Սիրիայի սահմաններից դուրս»,- առաջարկել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Մինչդեռ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Ասադը «զինված հակամարտության մի շարք մասնակիցների հետ» բանակցություններից հետո որոշել է լքել իր պաշտոնը եւ լքել երկիրը՝ ցուցումներ տալով իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով իրականացնել։ Նախարարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ուր է նա գնացել։
Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրենի խորհրդական Վլադիմիր Ֆիտինը RT-ի հետ զրույցում նույնպես խոստովանել է, որ Ասադը կարող է թռչել ԱՄԷ։ Փորձագետի խոսքով՝ Ասադի ընտանիքը տարհանվել է, եւ նրա եղբայրը եւ նրա ղեկավարած զորքերը կարող էին մեկնել Իրաք։
Համաձայն մեկ այլ վարկածի՝ Ասադը կարող է լինել Ռուսաստանում. Bild-ը նաեւ ուշադրություն է հրավիրում Bloomberg-ի զեկույցի վրա, ըստ որի՝ Ասադը, ենթադրաբար, գտնվում է Իրանում: Միեւնույն ժամանակ, The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, նշել է, որ Ասադի կինը՝ Ասման, եւ երեք երեխաները անցյալ շաբաթ մեկնել են Ռուսաստան, իսկ ինքը՝ դեկտեմբերի 6-ին, դեռ Դամասկոսում էր, նշում է Bild-ը։
Հունգարական լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ Ասադը ժամանել է Բուդապեշտ, սակայն տեղական իշխանությունը հերքել է այդ լուրերը։
Bloomberg-ը գրում է, որ Ասադը նաեւ խնդրել է ԱՄՆ-ին օգնել դադարեցնել մարտերը Սիրիայում։ Գործակալության տվյալներով՝ կապն իրականացվել է ԱՄԷ-ի միջոցով: Ասադը պնդում էր, որ օգնության դիմաց Սիրիան կդադարեցնի բոլոր համագործակցությունները «Իրանի կողմից աջակցվող խմբավորումների», այդ թվում՝ լիբանանյան «Հըզբոլլահի» հետ:
Բացի այդ, Ասադը «բարձրաստիճան քրիստոնյա առաջնորդի» ուղարկեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման՝ զեկուցելու Սիրիայի քրիստոնյա փոքրամասնության գոյության սպառնալիքի մասին, եթե հաղթեն իսլամիստ ապստամբները: Ասադը ենթադրում էր, որ Հունգարիայի վարչապետը Թրամփին կպատմի այդ վտանգի մասին, բացատրել է Bloomberg-ը օրերս ներկայացրած զեկույցում։
Ավելի ուշ հաստատվեցին այն տեղեկությունները, որ Ասադը Մոսկվայում է։
Ռուսական պետական լրատվական գործակալությունները հայտնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը եւ նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, եւ Ռուսաստանը նրանց ապաստան է տվել։
Նախագահի պաշտոնից Ասադի հրաժարականի եւ Սիրիայից հեռանալու մասին առաջին պաշտոնական հայտարարությունը արվել է կիրակի՝ առավոտյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից: Սակայն ՌԴ ԱԳՆ-ն այդ պահին որեւէ տեղեկություն չի տրամադրել Ասադի գտնվելու վայրի մասին։
Ավելի ուշ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Կրեմլի աղբյուրին, միաժամանակ հայտնեցին, որ Ռուսաստանը Ասադին եւ նրա հարազատներին ապաստան է տրամադրել «մարդասիրական նկատառումներից ելնելով»։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԲԱԿԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԴՐՈՇԸ
«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է, որ Սիրիայում ընթացող հակամարտություններից եւ կիրակի օրը Դամասկոսի վերջնական անկումից հետո Հայաստանում Սիրիայի դեսպանատունը բակից հեռացրել է երկրի դրոշը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի զինված ընդդիմադիրները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն։ Երկրի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ:
Երկիրը լքելուց ժամեր անց հայտնի դարձավ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում է։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Կրեմլի անանուն աղբյուրը։
«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, ելնելով հումանիտար նկատառումներից, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«ԻՆՁ ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ». Հ. ԱՂԱԶԱՐՅԱՆ
ՔՊ-ականները ողջ ռեսուրսով փորձում են բարոյապես ոչնչացնել ու խայտառակել իրենց նախկին թիմակից Հովիկ Աղազարյանին, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանին Հիսուսի հետ էր համեմատում։
Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկած Հովիկ Աղազարյանին իշխանական պրոպագանդան հիմա էլ միասեռական կապի մեջ լինելու մեջ է մեղադրում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող MediaNews կայքը օրերս սկանդալային բացահայտում էր արել: Մեջբերում՝ «Հովիկ Աղազարյանը միասեռական կապի մեջ է եղել մի քանի տղամարդու հետ։ Ըստ հրապարակումների՝ Աղազարյանը վարել է ակտիվ սեռական կյանք՝ միաժամանակ սեռական կապի մեջ է եղել մի քանի տղամարդկանց ու կանանց հետ»,- գրել էր կայքը։
Ավելի վաղ սակայն նյութը հեռացվել էր։
Հովիկ Աղազարյանը 24.news.am-ին օրերս տված իր հարցազրույցում հակադարձում է իր նախկին թիմակիցներին՝ նշելով, որ ամեն բան, վաղ թե ուշ, բացահայտվելու է: Նրա պնդմամբ՝ այս ամենն արվում է, որպեսզի իրեն ստիպեն մանդատը վայր դնել, Աղազարյանը նաեւ իրեն ֆիզիկապես ոչնչացնելու մասին է ահազանգում։ ՔՊ-ական նախկին պատգամավորը սակայն համառում է՝ մանդատը վայր չի դնելու, ամեն ինչ անելու է իր համբավը պաշտպանելու համար։ Հովիկ Աղազարյանը սպառնում է իր նախկին թիմակիցներին՝ եթե իր նկատմամբ ճնշումները շարունակվեն, անուններ է հնչեցնելու։
«Սա կապրիզ չէ, իմ նկատմամբ քրեական վարույթներ կան, եւ եթե այնպիսի ելք լինի, որ ոչինչ չապացուցվի ու ինձ մեղադրանք չկարողանան առաջադրել, իմ շրջապատը կմտածի, թե գնացել եմ գործարքի ու մանդատս վայր եմ դրել, որպեսզի չպատժվեմ»,- ասում է նա։
Ք. Մ.