ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետական ու սեփական միջոցները խառնել է իրար. նա իր խորհրդական-օգնականին կնոջ հետ ԱՄՆ է ուղարկել:
ՀՀ ԱԺ թերեւս ամենասկանդալային նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուղեկցում է Ալեն Սիմոնյանի «խորհրդատու-օգնական» ձեւակերպված Համլետ Գեւորգյանը։
Մարիամ Մարգարյանը ԱՄՆ-ից լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ ԱԺ նախագահի խորհրդական-օգնական Համլետ Գեւորգյանի, երգիչ Էրիկ Կարապետյանի եւ նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ է։
Գաղտնիք չէ, որ Մարիամ Մարգարյանը եւ Էրիկ Կարապետյանը համագործակցում են։ Կարապետյանի երեւանյան վերջին համերգը կազմակերպել էր Մարիամ Մարգարյանի «ԷՖԷՄԷՖ գրուպ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2019 թվականին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես տեղեկանալ, թե ինչպես է ԱԺ նախագահի՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացող խորհրդական-օգնականը, աշխատանքի գալու փոխարեն, ԱՄՆ մեկնել եւ ինչու ԱԺ կայքում նրա գործուղման մասին ոչինչ չկա նշված:
«Համլետ Գեւորգյանը գտնվում է արձակուրդում: ԱՄՆ մեկնել է իր հաշվին, իր միջոցներով, հենց այս պատճառով ԱԺ կայքում ոչինչ չկա այդ մասին»,- պարզաբանեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Հավելենք, որ դատելով լուսանկարներից՝ Ալեն Սիմոնյանի օգնական- խորհրդականը, որը պետբյուջեից բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ԱԺ նախագահին օգնելու եւ խորհուրդներ տալու համար փաստացի ծառայություններ է մատուցում նրա տիկնոջը: Ի դեպ, Համլետը, մինչեւ այդ պաշտոնը զբաղեցնելը, Ալեն Սիմոնյանի վարորդն էր (լուսանկարը 2019 թվականին է արված):
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում խմորումները շարունակվում են, եւ 15 հոգանոց վարչության նիստերից արտահոսքերը շարունակվում են անգամ Հովիկ Աղազարյանի անփառունակ հեռացումից հետո:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ ՔՊ-ականներ շարունակում են մանրամասներ ներկայացնել ՔՊ ներքին գզվռտոցներից: Այսպիսով՝ հոկտեմբերի 31-ի նախաձեռնող նիստը, որը Նիկոլ Փաշինյանն անվանեց «ինքնաքննադատության օր», խոր արմատներ ունի: Պարզվում է, որ վերջերս՝ նախաձեռնող նիստերից մեկի ժամանակ, իշխանականները փորձել են սեւացնել մեկը մյուսին ու իրար մասին բացահայտումներ անել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արփի Դավոյանը, երկրորդելով Անդրանիկ Քոչարյանին, հայտարարել է, որ թիմը թաթախված է կոռուպցիայի մեջ, որ «նախկիններից» ավելի վատ բարքեր են հաստատվել ՔՊ-ում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է անուններ հնչեցնել, փաստերով խոսել: ՔՊ-ական տիկնանց օգնության է եկել Անդրանիկ Քոչարյանը ու անուններ տվել. Սյունիքի ՔՊ-ական նախկին փոխմարզպես Նարեկ Բաբայան, որը 2022 թվականի փետրվարից նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ:
Շարունակվել է ցանկը՝ փոխքաղաքապես Արմեն Փամբուխչյան, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյան:
Անդրանիկ Քոչարյանը հերթով հիշեցրել է ԶԼՄ-ների հրապարակումները Ավինյանի վերաբերյալ, Դավոյանն էլ ասել է, թե նախկին կաշառակերներին հերթով պաշտոնների է նշանակում Ավինյանը, եթե կոռուպցիոն հակումներ չունի, ապա ինչու է դա անում:
Նիկոլ Փաշինյանն էլ խիստ բարկացել է ու ասել, որ հատ-հատ գնալու է բոլոր ահազանգերի հետեւից, իսկ այն ՔՊ-ականները, որոնց վերաբերյալ տեղեկությունները կհաստատվեն, ոչ միայն հեռացվելու են թիմից, այլ օրենքով պատժվելու են:
ԲԱՅՑ, տարօրինակ կերպով, մինչ օրս որեւէ մեկը պատժված չէ: ԱՎԵԼԻՆ՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ավինյանը սպառնալից մեսիջներ է ուղարկել Դավոյանին, թե՝ «Ոչնչացնելու եմ քեզ…»:
Շարունակելի….
Բազմաթիվ անգամներ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է, որ ՀՀ Կառավարությունը չի կարողանում կարգուկանոն հաստատել ծխախոտի շուկայում, ու Հայաստանում մեծ մասշտաբների մաքսանենգ ապրանքներ կան: Հատկապես ՊԵԿ-ի վերջին փոփոխություններից հետո տեղեկություններ ենք ստանում, որ ակտիվացել են հարեւան Վրաստանից, ավելի կոնկրետ՝ գործող երեք մաքսակետերի Duty Free-ներից ծխախոտ գնելու դեպքերը: Ծխախոտը ֆիզիկական անձանց միջոցով, փոքր խմբաքանակներով անցկացվում է Հայաստան, ապա Telegram ալիքներով, սոցցանցերով ու list.am-ով կազմակերպվում է դրանց վաճառքը: Տպավորություն է, որ այս գործընթացը ոչ թե քաոտիկ կերպով է կատարվում, այլ գործ ունենք կազմակերպված խմբավորման հետ, որի թելերը տանում են հայ խոշոր գործարարներից մեկի շրջապատ, ում անունը դեռեւս չենք հայտնում, քանզի ակտիվ աշխատանքներ են տարվում այդ մասով: Ծխախոտ արտադրող ընկերություններից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ պետության ներսում ստեղծում են աշխատատեղ, տալիս են հարկ, որը մեկ տուփի դեպքում միջինը 250-300 դրամ է, եւ տեսնում են, թե ինչպես է զարտուղի ճանապարհով կազմակերպվում ծխախոտի ներմուծում եւ վաճառք, որը հաճախ ավելի էժան է ստացվում, քան տեղական արտադրողի մուծած հարկը: Իսկ պետությունը կա՛մ չի ուզում պայքարել, կա՛մ չի կարողանում դադարեցնել այս ապօրինությունը: Հետաքրքիր է՝ ՊԵԿ նոր նախագահ Էդուարդ Հակոբյանը կկարողանա՞ արդյունք ցույց տալ, թե՞ կբավարարվի մեկ-երկու կոսմետիկ քայլերով: Հ.Գ. Բնական է, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու համար նախընտրելի է էժան ապրանքի ձեռքբերումը, սակայն հարկ վճարողին «աստվածացնելու» քարոզչություն իրականացնող պետությունը նույնիսկ մատը մատին չի տալիս հարկատու արտադրողին անհանգստացնող խնդրին համապարփակ լուծում տալու համար:
Երեւանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը արժեցավ 90 մլն դրամ, իսկ Ազգային ժողովի կարիքների համար Ամանորին նվիրված միջոցառումը Ազգային ժողովի բակում՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով, ծառայություններով հանդերձ արժեցել է 9 մլն դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:
Պետական բյուջեից հատկացվել է 9 մլն 333 հազար դրամ։
Պաշտոնական փաստաթղթերով սահմանված է. «ՀՀ Ազգային ժողովի այգու ամանորյա ձեւավորումը եւ տոնական համերգային ծրագրի կազմակերպումը իրականացնել 2024 թ. դեկտեմբերի 25-ին: Այդ թվում՝ ԱԺ կենտրոնական դարպասների ձեւավորում՝ կ-աձեւ (Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղեւնու բնական ճյուղերով, խաղալիքներով եւ դարպասների լուսավորումով։ Կենտրոնական դարպասների դիմացի հատվածում պետք է տեղադրվի դեկորատիվ կամար եւ ձեւավորվի տոնական լուսավորությամբ: Տեղադրվելու է նաեւ ձնեմարդե 2 արձան՝ առնվազն 2.5 մետր բարձրությամբ (տեսքը, ձեւը եւ այլն Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղեւնու բնական ճյուղերով։
Դարպասների մոտ յուրաքանչյուր կողմից պետք է տեղադրված լինի մեկական խաղավար-էլֆ՝ երեխաներին դիմավորելու համար (ընդհանուր 2 էլֆ)։ Ամանորյա եւ տոնական առնվազն 10 հերոսներ (ներառյալ Ձմեռ Պապ), ովքեր կզբաղեցնեն երեխաներին 2 ժամ տեւողությամբ: Կտեղադրվեն 6 հատ 3×3 մ չափի վրաններ:
1-ին վրան – ՏՈՆԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ, որտեղ 10 հատ դեկորատիվ, ամանորյա թեմատիկայով զարդարված զամբյուղներ կլինեն: Կտրամադրվեն լոլիփոփներ՝ կլոր 500 հատ եւ կոր ձողիկի նման՝ 500 հատ, մանդարին՝ 1000 հատ,
2-րդ վրան – ՏԱՔ ԱՆԿՅՈՒՆ, թեյ՝ 600 հատ, կակաո՝ 1000 հատ, լուծվող սուրճ՝ 600 հատ,
3-րդ վրան – ՔԱՂՑՐ ԱՆԿՅՈՒՆ, որում կտրամադրվեն՝ պիշկի 1000 հատ, եւ ամանորյա թխվածքաբլիթ՝ 1000 հատ։
Բոլոր վրաններում կլինեն առնվազն 1000 հոգու համար նախատեսված անձեռոցիկներ։
Նախատեսվում է ԱԺ բակում տեղադրել ֆոտոզոնա՝ ձմեռ պապի հետ նկարվելու համար: Արհեստական ձյուն՝ Ձմեռ պապի գալու ժամանակ եւ փակման պահին: Ամանորյա գլխարկներ՝ 1000 հատ, որոնք էլֆերը կբաժանեն դարպասների մոտ:
Նախատեսվում է ԱԺ էլեկտրոմոբիլի զարդարում (Ձմեռ պապի ժամանման համար)։ Էլեկտրոմոբիլը կտրամադրվի Ազգային ժողովի աշխատակազմի կողմից։
Նախատեսված է իրականացնել ներկայացման կազմակերպում՝ ինտերակտիվ հայերեն մյուզիքլ՝ տեւողությունը առնվազն 1 ժամ»:
Մանրակրկտորեն կազմակերպված այս միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։