Արցախյան պատերազմների մասնակից, հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավորի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Որևէ նոր ապացույցներ քննիչը չէր ներկայացրել։ Նախորդ կալանքի ժամկետը երկարացվել էր մեկ ամիս ժամանակով ու դատարանը արձանագրել էր, որ հիմնավոր կասկածի շեմը նվազած վիճակում է գտնվում և արձանագրել էր, որ եթե հաջորդ երկարացման ժամանակ նույն փաստական տվյալների ներկայացման դեպքում դա բավարար չի լինելու՝ կալանքի ժամկետը երկարացնելու համար»,-ասաց Ալեքսանյանը։
Գասպարյանի պաշտպանը նշեց, որ իրավիճակ է ստեղծվել, երբ որևէ նոր փաստական տվյալներ չեն ներկայացրել եւ դատարանն այս անգամ ևս արձանագրեց, որ հիմնավոր կասկածի շեմը նվազած վիճակում է, բայց երկարաձգեց կալ;անքը՝ կրկին արձանագրելով, որ հաջորդ անգամ այս փաստական տվյալները բավարար չեն լինելու կալանքի ժամկետը երկարացնելու համար։
«Այսինքն, մեկ անգամ արդեն իսկ դատարանը նման արձանագրում արել է և պարզ տրամաբանությունը հուշում էր, որ հաջորդիվ քննարկումը իրականացնելուց հետո այդ անբավարարության պայմաններում պետք է կայացներ հակառակ որոշումը։ Բայց կրկին ժամկետը երկարացրեց՝ ևս մեկ ամսով՝ նույն արձանագրումը կատարելով։ Սա մի փոքր իրավական կազուս է առաջացնում, ինչը որ պաշտպանության կողմը որոշումը ստանալուց հետո կբողոքարկի անպայման»,-ասաց Գասպարյանի պաշտպանը։
Թե ինչու դատարանը նման որոշում կայացրեց, Ալեքսանյանն ասաց, որ դրա պատասխանը չունի և կարելի է հարցը դիտարկել միայն տրամաբանորեն։
«Որոշումն անսպասելի էր այնքանով, որքանով այդ առաջին արձանագրումից հետո կալանքը չպետք է երկարացվեր, պետք է առնվազն այլընտրանք կիրառվեր կամ խափանման միջոցի պայմանի հիմնավոր կասկածի բացակայության ամապնդված չլինելու պայմաններում բացակայության հիմքով՝ պետք է կալանքի երկարացումը մերժվեր։ Հենց նույն դատական ակտում արձանագրում արել է այն մասին, որ այդ որոշումը կայացվել է փաստական, լրացուցիչ տվյալներ չունենալու պայմաններում, բայց հակառակ որոշումն է կայացրել՝ իրավական կազուսը դրանում է»,- ասաց Ալեքսանյանը։
Իրավական առումով անտրամաբանական շղթա է ստեղծվել՝ ամեն ինչ հնարավոր է, ասաց փաստաբանը՝ պատասխանելով մեր այն հարցին, որ հաջորդ ամիս էլ նույն կերպ կարող են կալանքը երկարացնել՝ առանց հիմնավոր փաստերի։