Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով, ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձեւ։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։
Խորհրդարանն առաջարկում է նաև կասեցնելն էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պետք է «անվերապահորեն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»։
Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակվող ճնշումները։ Բանաձևն ընդգծում է 2023 թվականից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք հատկապես ուժեղացել են COP29 գագաթնաժողովի շուրջ, և կոչ անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բանաձևը նաև ընդգծում է բանտարկյալների մարդու իրավունքների կանոնավոր խախտումը՝ ներառյալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները և կին քաղբանտարկյալների նկատմամբ նպատակաուղղված ոտնձգությունները:
Կարևորն է՝ բանաձևում հիշատակվում են 23 հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախկին ղեկավարները, կոչ արվում անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։ Դեկտեմբերի 18-ի խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։ Այդ համատեքստում պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը կարևորել է Եվրախորհրդարանի «մոտեցման փոփոխությունը» և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, մասնավորապես, հղում անելով հայության բռնի արտաքսմանը։ Մեկ այլ խորհրդարանական՝ Մարինա Մեսուրեն հայտարարել է. «մարդու իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են, Ադրբեջանը ամենավատ երկրներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատությանը, Human Rights Watch-ն արձանագրել է խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, ովքեր կալանավորվել են Լեռնային Ղարաբաղում գործողություններից հետո»: Խորհրդարանականը դատապարտել է «հայ հարևանների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականությունը»։