ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը մեծ պահանջարկի շնորհիվ տեղաբաշխվեցին նախատեսված ժամանակից ավելի վաղ և պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը ստորագրեց պարտատոմսերի ցուցակման որոշումը, որի համաձայն՝ սույն թվականի դեկտեմբերի 25-ից Team Telecom Armenia-ի պարտատոմսերը պաշտոնապես շրջանառվելու են բորսայում՝ հնարավորություն տալով բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց գնելու և վաճառելու Team-ի պարտատոմսերը։

Բարձր գնահատելով ընկերության նկատմամբ ձևավորված վստահությունը՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ թիմային ու արդյունավետ աշխատանքի արդյունքում է, որ կարողացել են դառնալ նման պարտատոմսեր թողարկած առաջին հայկական ընկերությունը․

«Team Telecom Armenia-ն մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ ներդրողներին տալով իրենց խնայողություններն արդյունավետ օգտագործելու, Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացմանն ու դեպի կայուն թվային ապագա անցնելու հնարավորություն։ Այսկերպ յուրաքանչյուր ներդրող ազդեցություն է ունենում երկրի տնտեսության զարգացման վրա»։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց՝ բորսայում խոշոր ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը ոչ միայն վկայում է կապիտալի շուկայի վստահության և գրավչության աճի մասին, այլև ծառայում է որպես խթան երկրի տնտեսական զարգացման համար․ «Team Telecom Armenia-ի այս նախաձեռնությունը վառ օրինակ է, թե ինչպես կապիտալի շուկան կարող է աջակցել տնտեսության իրական հատվածի զարգացմանը՝ նպաստելով ներդրումների ներգրավմանն ու նոր նախագծերի իրականացմանը»։

Ընկերության 75 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ձեռք է բերել շուրջ 300 ներդրող։ Թողարկումը գրավել է ոչ միայն հարյուրավոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, այլև առաջատար միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրությունը, որոնց թվում են հիմնական ներդրող Ասիական զարգացման բանկը (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Proparco-ն։

Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը։

«Մեզ համար պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Team Telecom Armenia-ի պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացում, որն իրապես համարում ենք պատմական իրադարձություն հայկական կապիտալի շուկայի համար, քանի որ նման պարտատոմսերի առաջին թողարկումն է մեր երկրում։ Լիահույս ենք, որ ներդրողների բավականին դիվերսիֆիկացված ցանկի շնորհիվ կունենանք նաև երկրորդային ակտիվ շուկա»,- նշեց Ամերիաբանկի Ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը։

Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպես նաև վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։

Team Telecom Armenia-ի արժեթղթերը հնարավոր է ձեռք բերել նաև Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանակացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ: Մանրամասները՝ www.amx.am։

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։




Լրահոս