ՔՊ-ի հաջորդ թիրախը պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս խմբակցության նիստի ժամանակ փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին՝ ասելով, որ նրա հետ շատ վատ են վարվել, պետք չէր անձնական նամակագրությունները հանրայնացնել։
Գագիկ Մելքոնյանի այս հայտարարությունը հունից հանել է ՔՊ վերնախավին, քանի որ Աղազարյանին պաշտպանելը հիմա ՔՊ-ում աններելի հանցանք ու դավաճանություն են համարում. ուստի չի բացառվում, որ Աղազարյանից ու Ասլանյանից հետո քավության նոխազ դառնա նաեւ Գագիկ Մելքոնյանը՝ «դավաճանության» մեղադրանքով։
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է պատգամավորի հետ։
-Պարո՛ն Մելքոնյան, Ձեր թիմակիցներին ասում են, որ Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդ պատգամավորը, որը խմբակցությունից հեռացվելու է, Դուք եք, քանի որ հանդգնել եք պաշտպանել Աղազարյանին։
-Ո՞վ է ասել նման բան: Ես ո՞ւմ եմ պաշտպանել։
-Դուք թիմի հետ քննարկումների ժամանակ փորձել եք պաշտպանել Հովիկ Աղազարյանին, ասել եք՝ սխալ են վարվել Հովիկ Աղազարյանի հետ, նրա նամակագրությունները չպետք է հանրայնացվեին։
-Ո՛չ, ես միայն ասել եմ՝ այդ մարդը պետք է որոշի՝ մանդատ դնի՞, թե՞ ոչ։ Ամեն պատգամավոր ինքն է որոշում մանդատի հարցը։
-Նիկոլ Փաշինյանը հորդորել էր մանդատը վայր դնել, ինչը նա չարեց, դրա համար էլ հեռացվեց ՔՊ-ից։
-Նիկոլ Փաշինյանը կուսակցության ղեկավարն է, եթե խնդրել է, պետք է անխոս դներ։
-Այսինքն, կարծում եք, որ հիմա պետք է Հովիկ Աղազարյանը վա՞յր դնի մանդատը։
-Այո՛, եթե կուսակցության ղեկավարը հորդորել է, պետք է այդպես արվեր, եթե ինձ էլ ասեր՝ մանդատս կդնեի, հաջորդ օրվանից գործի չէի գա։
– Պարո՛ն Մելքոնյան, իսկ Հակոբ Ասլանյանի հետ ինչո՞ւ խմբակցությունն այդքան վատ վարվեց։
-Ես տեղյակ չեմ, խմբակցության նիստին չեմ եղել, ողջ օրը հիվանդանոցում եմ եղել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ArmLur.am լրատվականին տված հարցազրույցի ընթացքում Հովիկ Աղազարյանը խոստովանել էր կաշառք առաջարկելու մասին լուրերի իսկությունը, որից հետո նրա շուրջ խմորումներ սկսեցին ծավալվել: Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանին հորդորել էր վայր դնել մանդատը, սակայն Աղազարյանը չէր ընդառաջել, որի հետեւանքով հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Հաջորդ առավոտյան պատգամավորը հայտարարեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին:
ՔՊ վարչության նիստում, սակայն, կուսակցությունից Աղազարյանին հեռացնելու համար հիմքեր գտնելու քննարկման ժամանակ ցուցադրվել էր պատգամավորի հեռախոսային անձնական խոսակցությունը, այդ թվում՝ ինֆորմացիայի արտահոսքի վերաբերյալ բազմաթիվ փաստեր են եղել:
Հովիկ Աղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ պարզելու համար Աղազարյանի մտերիմ, պատգամավոր Հակոբ Ասլանյանն առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել, որից խմորումներ են սկսվել այս անգամ Ասլանյանի շուրջ: Դեկտեմբերի 11-ին Ասլանյանը հայտնեց, որ մեկ ամսով դադարեցնում է ՔՊ խմբակցությանն իր անդամակցությունը, ինչին հաջորդեց ՔՊ խմբակցությունից նրան հեռացնելու որոշումը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՀԱՋՈՐԴ ԱՆՏԵՂՅԱԿԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԷՐ
ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը դրեց մանդատը, սակայն Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղյակ չէր, որ դա արվել է իրեն փոխարինելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ։ Սակայն Մուշեղ Մուրադյանը տեղյակ չէր, որ ինքն այլեւս մարզպետ չի լինելու։
«Ես այս պահին նման տեղեկատվություն չունեմ»,- առավոտյան կառավարության շենքի մոտ լրագրողներին ասաց մարզպետը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ մարզպետ է նշանակվելու Դավիթ Առուշանյանը, ով մեկ օր առաջ արդեն հրաժարվել էր պատգամավորի մանդատից:
Շարունակությունը՝
ArmLur.am կայքում:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԵՐԲ ԿԿԱՅԱՆԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակվել է ավագանու արտահերթ ընտրություններ, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 20-ից։
Հավելենք, որ Կառավարությունը դադարեցնում է Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն պարտվեց Գյումրիում. «Լուսավոր Հայաստան»-ի նախկին պատգամավորը հաղթեց իշխանություններին։
Գյումրիում ավարտվել են համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունները։
Ընտրությունների արդյունքում առավելագույն ձայները ստացավ Սարիկ Մինասյանը, որը, վարչապետի որոշմամբ, կնշանակվի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, իսկ արդեն համայնքապետի ընտրությունների ժամանակ նա կգլխավորի ՔՊ ցուցակը։ Նա ստացել է 253 ձայն։
Սարիկ Մինասյանը Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենն է։ Ուշագրավ է, որ վերջինս իշխող կուսակցության անդամ չէ։
2018 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Նշենք, որ Սարիկ Մինասյանից բացի, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններին մասնակցում էին նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լեւոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման եւ իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ