Արցախյան պատերազմների մասնակից, հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավորի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգվել է եւս մեկ ամսով։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Որեւէ նոր ապացույցներ քննիչը չէր ներկայացրել։ Նախորդ կալանքի ժամկետը երկարացվել էր մեկ ամիս ժամանակով ու դատարանը արձանագրել էր, որ հիմնավոր կասկածի շեմը նվազած վիճակում է գտնվում», – ասաց Ալեքսանյանը։
Գասպարյանի պաշտպանը նշեց, որ իրավիճակ է ստեղծվել, երբ որեւէ նոր փաստական տվյալներ չեն ներկայացրել եւ դատարանն այս անգամ եւս արձանագրեց, որ հիմնավոր կասկածի շեմը նվազած վիճակում է, բայց երկարաձգեց կալանքը՝ կրկին արձանագրելով, որ հաջորդ անգամ այս փաստական տվյալները բավարար չեն լինելու կալանքի ժամկետը երկարացնելու համար։
«Այսինքն՝ մեկ անգամ արդեն իսկ դատարանը նման արձանագրում արել է, եւ պարզ տրամաբանությունը հուշում էր, որ հաջորդիվ քննարկումը իրականացնելուց հետո՝ այդ անբավարարության պայմաններում պետք է կայացներ հակառակ որոշումը։ Բայց կրկին ժամկետը երկարացրեց՝ եւս մեկ ամսով՝ նույն արձանագրումը կատարելով։ Սա մի փոքր իրավական կազուս է առաջացնում, ինչը որ պաշտպանության կողմը որոշումը ստանալուց հետո կբողոքարկի անպայման», – ասաց Գասպարյանի պաշտպանը։
Թե ինչու դատարանը նման որոշում կայացրեց, Ալեքսանյանն ասաց, որ դրա պատասխանը չունի, եւ կարելի է հարցը դիտարկել միայն տրամաբանորեն։
«Որոշումն անսպասելի էր այնքանով, որքանով այդ առաջին արձանագրումից հետո կալանքը չպետք է երկարացվեր, պետք է առնվազն այլընտրանք կիրառվեր կամ խափանման միջոցի պայմանի հիմնավոր կասկածի բացակայության ամապնդված չլինելու պայմաններում բացակայության հիմքով՝ պետք է կալանքի երկարացումը մերժվեր։ Հենց նույն դատական ակտում արձանագրում արել է այն մասին, որ այդ որոշումը կայացվել է փաստական, լրացուցիչ տվյալներ չունենալու պայմաններում, բայց հակառակ որոշումն է կայացրել, իրավական կազուսը դրանում է», – ասաց Ալեքսանյանը։
Իրավական առումով անտրամաբանական շղթա է ստեղծվել, ամեն ինչ հնարավոր է, ասաց փաստաբանը՝ պատասխանելով մեր այն հարցին, որ հաջորդ ամիս էլ նույն կերպ կարող են կալանքը երկարացնել՝ առանց հիմնավոր փաստերի։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆԳՆ-ՈՒՄ
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Դավիթ Սարգսյանը եւ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մարտիրոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին այս մասին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ նրանք պաշտոններից ազատվել են սեփական դիմումների համաձայն:
ՆԳ նախարարի այլ հրամաններով՝ Վարդան Մաթեւոսյանը նշանակվել է ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնին, իսկ Մարիամ Գեւորգյանը, Իրինա Դավթյանը եւ Տիգրան Մկրտչյանը վերանշանակվել են ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Աշտարակի ոստիկանապետին անձամբ ազատել է Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը։