Երեկ երեկոյան իրավիճակը լարված էր կառավարական ամառանոցում․ Նիկոլ Փաշինյանը նախ բանավեճի մարտահրավեր նետեց Հայաստանի նախկին նախագահներին, ապա հերթով ստացավ մերժման և անհամաձայնության տեքստեր։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ:
«Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն:
Արդյունքը կրկին նույնն է լինելու»,- պատասխանել են ՀՀ Առաջին նախագահի մամուլի գրասենյակից։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ նշել է՝ «բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար»։
«2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։», – հայտարարել է Միկոյանը։
Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակից էլ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել են՝ «ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը»:
Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար, հայտարարել են Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ խորհուրդ տալով Փաշինյանին բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:
Արդյունքում, ստացվեց այնպես, որ Հայաստանի 3 նախկին նախագահները անիմաստ համարեցին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը՝ նրան հասկացնելով, որ փաշինյանական իշխանությունը տապալել է Հայաստանի վերաբերյալ ցանկացած բանակցային գործընթաց։
Նրանց խոսքի պարզ հասկացվում է, որ նախկին նախագահները չեն հավատում Փաշինյանի «ազնիվ» առաջարկին և կարծում են, որ այս անգամ էլ մանիպուլացիաները ախուսափելի կլինեն։
Նախահաների պատասխաններից հետո Փաշինյանը տեսաուղերձով հանդես եկավ և նախագահներին կոչ արեց ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից, սակայն նախագահներից որևէ մեկն այլևս չի արձագանքել։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը գրել էր․
«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»:
Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:
Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք եւ ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միեւնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Միքայելյան