Տեսչական մարմինը արգելել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հ. Վարդանյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարման համար նոր կառուցված 2500 կՎԱ հզորության, 35/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և այն սնող 35 կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը։ Այդ մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:

Տեխնիկական ստուգման արդյունքում պարզվել է, որ 445 մետր երկարությամբ 35 կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը, որը նախատեսվում է ապահովելու «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարումը, ունի մի շարք թերություններ։

Մասնավորապես՝

Տվյալ մալուխի մոտ քսան մետր վերջնահատվածը տեխնիկական կանոններով սահմանված կարգով անցկացված չէր խրամուղով, այլ բաց վիճակում էր, գալարաձև փռված էր գետնին, ինչը կարող էր վտանգավոր լինել մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի համար:

«Արբատ -1» 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի հենասյան վրա տեղադրված գծային բաժանիչին միանալու նպատակով բարձրացող հատվածում մալուխն անցկացված էր բաց վիճակում՝ առանց մեխանիկական պաշտպանիչ պատյանի:

35 կՎ լարման մալուխի և երկաթգծի հատման հատվածում՝ ըստ նախագծի նախատեսված է եղել տեղադրել համապատասխան ցուցանակներ, սակայն դա չէր կատարվել։

Նոր կառուցված ենթակայանի ցանկապատն ամբողջությամբ կառուցված, ենթակայանում շանթարգելի կոնստրուկտիվ աշխատանքները ամբողջությամբ կատարված չէր, ինչպես նաև հողանցված չէր բարձր լարման ուժային տրանսֆորմատորը։

Էլեկտրատեղակայանքների աշխատանքային նախագիծը՝ որպես շահագրգիռ կողմ, համաձայնեցված չէր Մասիսի համայնքապետարանի հետ։

Հաշվի առնելով արձանագրված վերոնշյալ թերությունները, Տեսչական մարմինը որոշում է կայացրել արգելել ենթակայանի գործարկումը և ենթակայանը լարման տակ դնելը՝ մինչև համապատասխան թերությունների և խախատումների շտկումը։

Այս որոշումը կայացվել է էլեկտրաանվտանգության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով և «Բիոտոն» ՍՊ ընկերությունը ծանուցվել է արձանագրված խնդիրների մասին։




Լրահոս