Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, որը դեկտեմբերի 20-ին հայտարարեց, որ հրաժարական է ներկայացրել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է՝ պարապ չի մնալու, նոր պաշտոնի է հավակնում։
-Պարո՛ն Հարությունյան, Դուք վերջերս հայտնեցիք, որ լքում եք ՏԿԵ փոխնախարարի պաշտոնը։ Տպավորություն է, որ Դուք շրջապտույտի մեջ եք, քանի որ տարբեր տարիների տարբեր պաշտոններ եք զբաղեցրել՝ առողջապահության նախարարի խորհրդական, հետո՝ տեղակալ, Շիրակի մարզպետ։ Ի՞նչն է պատճառը։
-Իմ գրառումը, եթե չեք տեսել, արժե այն կարդալ, այնտեղ բոլոր տեսակի հնարավոր հարցադրումներին պատասխանել եմ։
-Խնդիրն այն է, որ այդ բոլոր պաշտոնները կարճ ժամանակահատվածով եք զբաղեցրել, հետո հեռացվել եք ու այլ տեղ տեղափոխվել։ Ի՞նչն է պատճառը, լավ չե՞ք կատարում աշխատանքը, տարաձայնություննե՞ր են լինում։
-Դե ում համար կարճ, ում համար երկար։ Ես արդեն ասացի, որ գրառման մեջ պատասխաններ տվել եմ, իսկ եթե դա բավարար չէ, ձեր ճաշակի հարցն է։
-Ի դեպ, նկատեցինք, որ ՔՊ նիստին մասնակցության հենց հաջորդ օրը Ձեզ հեռացրին. ինչի՞ց են դժգոհել, ի՞նչ են ասել Ձեզ նիստի ժամանակ։
-Այդ օրվա նիստի վերաբերյալ վարչապետի գրառման տակ գրված է. ես գրեթե բոլոր նիստերին ներկա եմ եղել։
-Մեր տեղեկություններով՝ Ձեզ ուղղված հիմնական մեղադրանքը խոշոր հանքերի աշխատանքը տապալելն է եղել։ Ովքե՞ր են դժգոհություններ հայտնել։
-Ոլորտի վերաբերյալ գոյություն ունի կարծիքների ձեւավորման ինստիտուտ, որը բաղկացած է իշխանական տարբեր մարմիններից, քաղհասարակությունից, կամ դրա մասին կարող են խոսել վիճակագրական տվյալները։ 2023 թվականին կառավարության որոշմամբ ընդունվել է հանքարդյունաբերության ռազմավարությունը, որի մշակման մեջ ես անմիջական ամենօրյա աշխատանք եմ ունեցել, եթե կառավարությունը հավանություն է տալիս եւ փաստաթղթի տեսքով այն ընդունում է պարտադիր կատարման, դա չի նշանակում, որ ոլորտից կա դժգոհություն։
-Դե ծրագիր կազմելն ուրիշ բան է, այն իրացնելը՝ ուրիշ։ Ծրագիրը կազմել են, բայց այն տապալել եք, դրա համար էլ Ձեզ հեռացրել են։
-Դրա իրականացումն էլ հրապարակային պրոցես է, որի վերաբերյալ կա հաշվետվողականություն, որը թափանցիկ է եւ ռազմավարությամբ, գործողությունների պլանով, նախատեսված աշխատանքով իրականացվում է։ Ես քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդ եմ եղել, ով կոնկրետ քաղաքականություն է մշակել ոլորտի համար, կառավարության գնահատականը իմ կողմից մշակված ծրագրին հավանություն տալն է։
-Ձեզ աշխատանքից հեռացնելն է նաեւ գնահատական։
-Ինձ հեռացնել-չհեռացնելու խնդիր ե՞րբ եք տեսել, ի՞նչ գիտեք իմ ծրագրերի մասին։
-Նոր պաշտոնի՞ եք անցնելու։
-Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու։
-Իսկ ի՞նչ պաշտոնի եք հավակնում։
-Դրա մասին հիմա հրապարակային խոսելու ցանկություն չունեմ։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ