ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՑՈՒՑԱԿՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը մեծ պահանջարկի շնորհիվ տեղաբաշխվեցին նախատեսված ժամանակից ավելի վաղ եւ պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում։

 

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը ստորագրեց պարտատոմսերի ցուցակման որոշումը, որի համաձայն՝ սույն թվականի դեկտեմբերի 25-ից Team Telecom Armenia-ի պարտատոմսերը պաշտոնապես շրջանառվելու են բորսայում՝ հնարավորություն տալով բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գնելու եւ վաճառելու Team-ի պարտատոմսերը։

Բարձր գնահատելով ընկերության նկատմամբ ձեւավորված վստահությունը՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ թիմային ու արդյունավետ աշխատանքի արդյունքում է, որ կարողացել են դառնալ նման պարտատոմսեր թողարկած առաջին հայկական ընկերությունը. «Team Telecom Armenia-ն մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ ներդրողներին տալով իրենց խնայողություններն արդյունավետ օգտագործելու, Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացմանն ու դեպի կայուն թվային ապագա անցնելու հնարավորություն։ Այսկերպ յուրաքանչյուր ներդրող ազդեցություն է ունենում երկրի տնտեսության զարգացման վրա»։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց՝ բորսայում խոշոր ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը ոչ միայն վկայում է կապիտալի շուկայի վստահության եւ գրավչության աճի մասին, այլեւ ծառայում է որպես խթան երկրի տնտեսական զարգացման համար. «Team Telecom Armenia-ի այս նախաձեռնությունը վառ օրինակ է, թե ինչպես կապիտալի շուկան կարող է աջակցել տնտեսության իրական հատվածի զարգացմանը՝ նպաստելով ներդրումների ներգրավմանն ու նոր նախագծերի իրականացմանը»։

Ընկերության 75 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ձեռք է բերել շուրջ 300 ներդրող։ Թողարկումը գրավել է ոչ միայն հարյուրավոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այլեւ առաջատար միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրությունը, որոնց թվում են հիմնական ներդրող Ասիական զարգացման բանկը (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) եւ Proparco-ն։

Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Ամերիաբանկ»-ը։

«Մեզ համար պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Team Telecom Armenia-ի պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացում, որն իրապես համարում ենք պատմական իրադարձություն հայկական կապիտալի շուկայի համար, քանի որ նման պարտատոմսերի առաջին թողարկումն է մեր երկրում։ Լիահույս ենք, որ ներդրողների բավականին դիվերսիֆիկացված ցանկի շնորհիվ կունենանք նաեւ երկրորդային ակտիվ շուկա»,- նշեց «Ամերիաբանկ»-ի Ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը։

Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպես նաեւ վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։

Team Telecom Armenia-ի արժեթղթերը հնարավոր է ձեռք բերել նաեւ Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանակացած բանկ կամ ներդրումային ընկերություն՝ բացելով բրոքերային հաշիվ եւ ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ: Մանրամասները՝ www.amx.am։

Team Telecom Armenia-ի մասին

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային եւ ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։

 




Լրահոս