ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 400-500 հազար դրամ՝ Կենտրոնում ապրելու համար․ գույքահարկը կրկնակի կթանկանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկային փոփոխությունները, որոնց դեմ մարտնչում են հայ հասարակության տարբեր ներկայացուցիչներ՝ լրագրողներից մինչև իրավաբաններ, մտահոգիչ է միանշանակ, սակայն էլ ավելի մտահոգիչ է մինչ այս կատարված հարկային փոփոխությունները։

Հայաստանի հարկային օրենսգրքում դեռևս 2020 թվականին կատարված փոփոխություններով քաղաքացիները այս տարվանից արդեն 75%-ով բարձրացված գույքահարկ կվճարեն, 2026 թվականից էլ՝ կանցնեն ամբողջական վճարման՝ 100%-ին:

Հայաստանում գույքահարկի համակարգում վերջին տարիներին իրականացվել են էական փոփոխություններ՝ ուղղված անշարժ գույքի կադաստրային և շուկայական արժեքների մոտարկմանը և գույքահարկի դրույքաչափերի վերանայմանը:

Նախկինում գույքահարկը հաշվարկվում էր գույքի կադաստրային արժեքի հիման վրա, որը զգալիորեն զիջում էր շուկայական արժեքին: Սա հանգեցնում էր նրան, որ բարձրարժեք գույքի սեփականատերերը վճարում էին համեմատաբար ցածր գույքահարկ: Կառավարությունը նպատակ դրեց կադաստրային արժեքները մոտեցնել շուկայականին։

2020 թվականին Ազգային ժողովը ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ, որոնք նախատեսում էին գույքահարկի նոր սանդղակների և դրույքաչափերի սահմանում: Այս փոփոխությունները նախատեսում էին գույքահարկի աստիճանական բարձրացում՝ 2021 թվականից սկսած և ամբողջական ուժի մեջ մտնելով 2026 թվականին: Ըստ այդմ՝ գույքահարկի բեռը պետք է ավելանար հատկապես բարձրարժեք գույքի համար:

Նախկինում մինչև 3 միլիոն դրամ կադաստրային արժեքով բնակարանները ազատված էին գույքահարկից: Այս սահմանաչափը վերացվել է, ինչը նշանակում է, որ այժմ բոլոր գույքերը, անկախ արժեքից, ենթակա են գույքահարկի:

Այս փոփոխությունների արդյունքում գույքահարկի բեռը զգալիորեն աճել է, հատկապես բարձրարժեք գույքի սեփականատերերի համար: Սա նպաստել է համայնքային բյուջեների եկամուտների ավելացմանը, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ լուծել համայնքների զարգացման խնդիրները, սակայն ՀՀ «հպարտ և հերոս» քաղաքացու վճարած հարկերով։

Վերջին հինգ տարիներին գույքահարկի համակարգի բարեփոխումները նպատակ ունեին ապահովել ավելի արդարացի և արդյունավետ հարկային համակարգ՝ համապատասխանեցնելով գույքի հարկումը նրա իրական արժեքին: Սակայն օրինակ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ բնակարան ժառանգություն ստացած միջին աշխատավարձ ստացող քաղաքացին կա՛մ պետք է վաճառի տունը, կա՛մ ծայրը ծայրին հասցնելով մի քանի 100 հազար վճարի որպես տան գույքահարկ։ Որպես փաստ արձանագրենք, որ գույքահարկը թանկանում է 75%-ով և Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչները պետք է 400-500 հազար դրամ վճարեն կամ տեղափոխվեն ծայրամասեր։

Ստացվում է, որ գումարներ, պետական բյուջեի եկամուտներ տնօրինելու պրակտիկան այնքան սխալ է ձևավորված ՀՀ-ում, որ Կառավարությունը դրանց բաշխումը և կուտակումը լիարժեք չի կարողանում կազմակերպել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս