ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուշկինի 43 հասցեում զինվորների նկարները պղծած կնոջ մասով դատարանը վճիռ է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2024 թվականին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները պղծած կնոջը ձերբակալել են։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երևանի բնակիչ, 61-ամյա Հասմիկ Գ.-ն։ Ձերբակալվածը և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։ 61-ամյա Հասմիկ Գրիգորյանը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին դասախոս է։

Ավելի վաղ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, թե Պուշկինի 43 հասցեում զինվորների նկարները պղծած կինը ինչ է պատմել իրավապահներին, ինչու է գնացել այդ քայլին:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին խոստովանել է, որ անձամբ ինքն է գնացել այդ քայլին:

Նա պատմել է, որ ամեն օր անցնում է Պուշկինի 43 հասցեի տարածքում ու մշտապես տեսնում այդ նկարները։ Իրեն զայրացրել է, որ խոսում են մաքուր Երևանի մասին, ու որոշել է 44-օրյա պատերազմի զինվորների նկարների կողքի գրառումները մաքրել ու այդ պահին նաեւ նրանց նկարներն է մաքրել:

Եվ ահա այս քրեական գործը ուղարկվել էր դատարան ու դատարանը վճիռ է կայացրել․

«Հասմիկ Վարդգեսի Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 /երեք հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ, չափով:

Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո որպես արտավարութային փաստաթուղթ ապացույց ճանաչված և քրեական վարույթին կցված լազերային սկավառակը պահել գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:

Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հասմիկ Վարդգեսի Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ բացակայելու արգելքը և դրանով պայմանավորված սահմանափակումները վերացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս