Արցախի խորհրդարանն այսօր 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից տարվող կեղծ դատավարության կապակցությամբ հայտարարություն էր տարածել, որտեղ ՀՀ իշխանություններին կոչ էր անում հետևողականորեն ու վճռականորեն բարձրացնել գերիների հարցը՝ բոլոր ատյաններում։
Ավելի ուշ Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք»-ը հայտարարություն տարածեց, թե իրենք համաձայնություն չեն տվել գերիների վերաբերյալ տեքստի խմբագրությանը և իր անունից հանդես գալու իրավասություն չի վերապահել որևէ մեկին։
««Միասնական հայրենիք» խմբակցությունը զերծ է մնում միասնականության դրսևորման կեղծ փորձերից, ուստի և պահանջում է հանել իր անունը հայտարարության տակ ստորագրած մասնակիցների ցանկից»,-հայտարարել է «Միասնական հայրենիք»-ը։
ArmLur.am-ը դիմեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին՝ պարզելու՝ ինչ է կատարվել։
«Ի տարբերություն մյուս խմբակցությունների, որոնք ներկա էին տեքստի քննարկումներին՝ մեկական հոգով, «Միասնական հայրենիք»-ից ներկա էին 2 հոգով՝ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցության ղեկավարը։
Իրենց կողմից ևս առաջարկություններ են արվել, որոնք ներառվել են հայտարարության տեքստի մեջ, թե հետո ի՞նչ է փոխվել․․․ հավանաբար ՀՀ իշխանությունների ճնշումների ներքո հրաժարվեցին հայտարարությունից, մնացած պարզաբանումները, խնդրում եմ, իրենցից ստացեք»,-ասաց նա։
Քրիստինա Մուշեղյան