«Հրապարակ» թերթ-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում բուռն քննարկման թեմա է դարձել Հայաստանի` ԵՄ-ին անդամակցության գործընթացին հավանություն տալու քայլը։ Ինչպես հայտնի է, տարեսկզբին կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որը հեղինակել են հայաստանյան արեւմտամետները՝ Արամ Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի եւ այլոց նախաձեռնությամբ անցկացված ստորագրահավաքից հետո։ Եվրաքվեի նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան, ասվում էր, որ պիտի ընդգրկվի այս նիստերի օրակարգ, սակայն տեղեկացանք, որ իշխանությունը խորհրդակցությունների մեջ է նախագծի հեղինակների հետ` փորձում են այն «սեփականացնել», որ հակառուսական տրամադրություններ ունեցող հանրությանն իրենց կողմը գրավեն, ընտրություններից առաջ դիվիդենտներ շահեն։
Հունվարի 23-ին խորհրդարանում նախ լսումներ կանցկացնեն, ապա ենթադրվում է, որ դրան հաջորդող նիստերից մեկի օրակարգ կմտցնեն նախագիծը։ Իսկ ՔՊ-ում պարզապես ապշած են՝ ինչպե՞ս կարող էր Փաշինյանը ներքին փակ քննարկումներից եւ թիմի կարծիքին ծանոթանալուց հետո նման՝ իրենց տրամադրվածությանը տրամագծորեն հակառակ որոշման գնալ եւ հայտարարել, որ այլ որոշում չեն կարող ընդունել, քան հավանություն տալ Եվրաքվեի նախագծին։ Հիշեցնենք, որ անցած տարի` ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները ՔՊ խորհրդարանական խմբակցության հետ փակ քննարկումներ էին անցկացնում՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ օրակարգով։ Մասնավորապես, հարցը քննարկել են թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային տեսանկյունից: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ նիստերին: Գրել ենք, որ անգամ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ ՔՊ-ի սորոսական թեւի պատգամավորները Փաշինյանին զգուշացրել են, որ աշխարհաքաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը ներկայիս զարգացումների համատեքստում կարող է խիստ վտանգավոր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, որի տնտեսության առյուծի բաժինը կախված է Ռուսաստանից: Այդ քննարկումների հանրագումարում եկել էին մի որոշման, որ չարժե շտապել, հատկապես որ ԵՄ-ում էլ մեզ գրկաբաց չեն սպասում, քանի դեռ հստակ երաշխիքներ չեն տալիս, չեն լուծում ՀՀ անվտանգային եւ տնտեսական խնդիրները։
Ի զարմանս ՔՊ-ականների, ամիսներ անց Նիկոլ Փաշինյանը նախ իր մի հարցազրույցում անոնսեց, որ չեն կարող մերժել արամսարգսյաններին, ապա կառավարությունը որոշում կայացրեց, իսկ հիմա էլ հրահանգում է, որ մոռանան ներքին քննարկումները եւ կողմ արտահայտվեն Եվրաքվեի նախագծին ու այս հարցով հանրաքվեի գաղափարին։
Վերջին օրերին էլ կառավարությունը գրեթե ամենօրյա ռեժիմով հյուրընկալում է Եվրաքվեի կողմնակիցներին, այսպես կոչված` եվրոպամետ փորձագետներին, Եվրաքվեի նախագիծն են խմբագրում, լրացումներ կատարում, չի բացառվում, որ այն խորհրդարան ուղարկվի ոչ թե արեւմտամետների պլատֆորմի, այլ Փաշինյանի կառավարության անունից։
Նշենք, որ օրինագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից չի նշանակում Եվրամիության անդամակցություն։ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին հավանություն տալը չի նշանակում նաեւ, որ երկիրը տեսանելի ապագայում կարող է միության անդամ դառնալ, քանի որ նման որոշման համար առաջին հերթին Բրյուսելի քաղաքական կամքն է անհրաժեշտ, իսկ ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում, եւ այդ մասին ամիսներ առաջ անձամբ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել:
Պարզապես հիմա նրա եվրոպամետ քայլերն ընդամենը ուղղված են ՌԴ-ի դեմ, անգամ թիմում են խոսում, որ սրանով փորձում է ՌԴ-ի հետ առեւտրի մեջ մտնել։ Իսկ եթե անգամ մեզ սպասում են ԵՄ-ում, ապա Հայաստանը պետք է «քննություններ եւ ստուգարք» հանձնի, մեծ թվով քայլեր իրականացնի, ինչը կարող է տարիներ, անգամ տասնամյակներ ձգվել։ Վրաստանի օրինակը` դրա վառ ապացույց:
Մեր հարեւան Վրաստանում, դիցուք, ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը տրվել է դեռեւս 2006 թվականին, սակայն մինչ օրս Վրաստանը ԵՄ անդամ չէ: Ընդամենը տարիներ առաջ է անցել վիզաների ազատականացման ռեժիմին՝ 2017 թվականից այս ռեժիմը թույլ է տալիս Վրաստանի քաղաքացիներին՝ ազատ այցելել ԵՄ երկրներ, սակայն վերջին ընտրություններից հետո այս հարցում որոշակի նահանջ է արձանագրվել։
Մենք եւս պարտավոր ենք լինելու տարբեր խոչընդոտներ հաղթահարել, ապացուցել մեր նվիրումն ու հավատարմությունը, վերջնականապես հրաժեշտ տալ ռուսական ձեւաչափերին, ապա նոր վերջում այս հարցով հանրաքվե անցկացնել։
Եվրաքվեի նախաձեռնողներից Տիգրան Խզմալյանը չթաքցրեց, որ կառավարության հետ այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում նախագծի շուրջ, իրենց համար սկզբունքային է այն, որ չփոխվի նախագծի վերնագիրը՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին»: Ասաց, որ եթե հանկարծ էական փոփոխության ենթարկեն իրենց նախագիծը, չեն հանդուրժի: «Ձեռքներս քարի տակ չէ, լեզուներս էլ՝ թթվի քարի»,- ասաց նա` ակնարկելով, որ իշխանություններին օր ու արեւ չեն տա։ Խզմալյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանից արդեն հրավեր են ստացել՝ հունվարի 23-ին ԱԺ-ում անցկացվող լսումներին մասնակցելու վերաբերյալ, եւ կարծում են, որ իրենց նախագիծը հնարավորինս շուտ ԱԺ օրակարգ կմտնի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: