
Ֆրանսիական մշակույթը հարուստ է այնպիսի դեպքերով, ինչպիսիք են Պիեռ Ռիշարը, Մարիոն Կոտիյարը, Ֆրեդերիկ Դիֆենտան, Ժերար Դեպարտիեն, Լուի դը Ֆյունեսը և այլք։
ArmLur.am-ն այսօր անդրադառնալու է հանրահայտ և սիրված ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսին։
Հունվարի 27-ը Լուի դը Ֆյունեսի հիշատակի օրն է։
ArmLur.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում դերասանի կյանքից հետաքրքիր դեպքեր։
Դերասանը, կարելի է ասել, որ բազմակողմանի զարգացած էր։ Մանուկ հասակում Լուի դը Ֆյունեսն իր ընկերներին հայտնի էր որպես «Ֆյուֆյու»: Նա խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն: Երիտասարդ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ և դաշնամուր էր նվագում: Չնայած նշված հանգամանքներին, Լուին դպրոցում վատ էր սովորում, սակայն հոյակապ կերպով նմանակում էր ուսուցիչներին։ Դերասանական հմտությունները Լուիի մոտ նկատվել են դեռ վաղ տարիքից։
Ֆյունեսը ուներ բավականին անհանդուրժող բնավորություն։ Այդ մասին փաստում է նաև այն հանգամանքը, որ որտեղ աշխատել է Լուին, շատ երկար չի տևել ամեն բան։ Օրինակ, երբ Ֆյունեսը աշխատել է կարի արհեստանոցում, նրան հեռացրել են այն բանի համար, որ գնդասեղները նետել էր դեղձանիկի վրա, իսկ ֆոտոատելյեից վռնդել են այն բանի համար, որ սեղանի արկղի մեջ է նետել ճայթուցիկ, որի հետևանքով առաջացել է հրդեհ։ Վերջինիս հեռացրել են աշխատանքից գլխարկների սրահից նաև այն պատճառով, որ ղեկավարի դեմքին ջուր է լցրել։
Կինոռեժիսորները Լուիին ծաղրածու էին համարում և լուրջ դերեր չէին առաջարկում տևական ժամանակ։ Դերասանը հաջողության հասել է 40 տարեկանում։ Մինչ իր հանրաճանաչությունը Լուի դը Ֆյունեսը աշխատել է կոշիկ մաքրող, ցուցափեղկերի զարդարիչ, թիթեղագործ, շրջիկ գործակատար։ Իր աշխատասիրությունը վկայում է այն մասին, որ երբեք չպետք է հետ կանգնել նպատակներից և երազանքներից, կիսատ չթողել ձեռնարկածը։
Դերասանը չի ունեցել նյութական անապահովություն, սակայն մանրակրկիտ կերպով հաշվարկել է իր ամեն մի ծախսը։ Ֆյունեսը այնքան կարող էր մնալ շուկայում, գնի համար «բանավիճել» վաճառողների հետ, որ ապրանքը իրեն անվճար տրամադրեին և այդպիսով էլ նա կխնայեր գումար։ Իր մտերիմներին Լուին կարող էր հոգնեցնել, ձանձրացնել և բարկացնել իր ժլատությամբ, անդադար փնթփնթոցներով։ Դերասանը նաև հիշաչար էր։
Դերասանը մի անգամ մերժել է Գրեյս Քելլիի առաջարկը՝ խաղալ բարեգործական ներկայացման մեջ, քանի որ Գրեյսը մի օր նկարահանման հրապարակի մոտով մեքենայով անցնելիս, որտեղ Լուի դը Ֆյունեսն էր, չի կանգնել, որ բարևի նրան:
Ֆյունեսի բնավորությունը ապշեցուցիչ էր և լրագրողները ասում էին․ «Դժվար է պատկերացնել, որ այդ փոքրամարմին, շատ լուրջ մարդը կարողանում է զվարճացնել ամբողջ Ֆրանսիային»:
Ֆյունեսը առանձնացել է նաև իր յուրահատուկ և հետաքրքիր մտքերով։
ArmLur.am-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը։
•Լավ երաժշտության ներքո ավելի հեշտ է էլեգանտ տղամարդ ձեւանալը։
•Եթե բաճկոնիդ վրա մի փոքր փոշի կա, մարդիկ հենց դա էլ նկատում են։
•Լավ կատակերգու դառնալու համար չպետք է ջանալ ծիծաղեցնել, պետք է անկեղծ խաղալ, պետք է հրաժարվել կատակներից, դրանք երբեք չեն օգնում դերասանին։
•Ես սիրում եմ զբոսնել գերեզմանոցում, այնտեղ գոնե հանդիպում ես լռակյաց մարդկանց:
Լուի դը Ֆյունեսն իր ամբողջ կյանքի ընթացքում նկարահանվել է 100-ից ավել ֆիլմերում։
Իր ջանասիրության և միգուցե ինչ-որ չափով տարօրինակ մտածելակերպի շնորհիվ էլ գերել է շատ կինոսերների սրտերը։
Աննա Սրապիոնյան