
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ զրուցել է Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների շինծու դատական գործերի եւ Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարության մասին։
Հիշեցնենք, որ Հունվարի 17-ին Ադրբեջանում տեղի է ունեցել Արցախի նախկին պաշտոնյաների դատավարությունը։ Ըստ «Ռոյթերս» գործակալության հաղորդման՝ դատավարությունները տեղի են ունեցել փակ դռների հետեւում, եւ մուտքը թույլատրված էր միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներին:
Ադրբեջանի իշխանությունները նախկին պաշտոնյաներին մեղադրում են ծանր հանցագործությունների մեջ, ներառյալ՝ ահաբեկչություն եւ պատերազմական հանցագործություններ:
-Պարո՛ն Օհանյան ուրբաթ օրը Բաքվում կայացավ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս գերիների հարցով ապօրինի, շինծու դատավարությունը: Ի՞նչ գնահատական կտաք այս գործընթացին, հատկապես, որ Ռուբեն Վարդանյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ եւ ասաց, որ իր անունից կեղծ ստորագրություններ են փաստաթղթերի տակ դրվել:
-Համարում եմ, որ սա մեր ժողովրդի ու պետության մեծագույն ցավն է, եւ այնտեղ դատապարտում են ո՛չ միայն նշված անձանց՝ ռազմաքաղաքական ղեկավարությանն ու գերիներին, այլ նաեւ մեզնից յուրաքանչյուրին ու Հայաստանին: Հասկանալի է, թե այս կեղծ գործընթացը նախաքննության ընթացքում որքան է հավելյալ կեղծ, պարտադրված տեղեկություններով լրացվել: Պարտադրված՝ որպեսզի ստորագրեն մեր հայրենակիցները: Սա դասվում է այն պարտադրանքների շարքին, որոնք Ադրբեջանի կողմից պարտադրվում են Հայաստանին:
Ուզում եմ նշել նաեւ, որ բարոյական չէ մարդկանց քննադատությունն ու ատելության խոսքը, վերոնշյալ անձանց նկատմամբ ատելություն սերմանելը, քանի որ նրանց փոխարեն յուրաքանչյուրը կարող էր ենթարկվել այդ բոլոր բռնաճնշումներին: Բայց ակնհայտ է, հատկապես Ռուբեն Վարդանյանի տված ցուցմունքներից հետո, թե ինչպիսի իրականություն է այնտեղ տիրում:
Եկեք ամենակարեւորից խոսենք. իսկ դատավորն ո՞վ է: Տեղին է ասվում, որ «գողն առաջինն է ասում, որ գողացան ինձանից»: Ադրբեջանը ինքը, լինելով ագրեսոր եւ հանդիսանալով Արցախի Հանրապետության նկատմամբ պատերազմական գործողությունների եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ բոլոր սադրանքների հեղինակը, փորձում է օրինական կերպով ընտրված ռազմաքաղաքական կեղավարությանը դատարպարտել: Սա կեղծ օրակարգ է: Մեզ համար անընդունելի է Հայաստանի իշխանություններրի ո՛չ ազգային, ազգադավ կեցվածքը, որ չեն փորձում դատապարտել, կամ առավել եւս միջազգային հարթակ տանել այս ողջ գործընթացը: Ադրբեջանի ղեկավարությունն ինքը պետք է առաջին հերթին դատապարտվի միջազգային հարթակներում՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ իրականացված բոլոր պատերազմական գործողությունների եւ, իհարկե, բոլոր բռնազավթիչ գործողությունների, ցեղասպանության համար:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԽԱԶԸ ԼՔԵՑ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ
«Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետրոս Պետրոսյանը։
«Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետեւ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբեւէ հավատացել եւ վստահել են ինձ։
Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։
Աստված պահապան մեր Հայրենիքին…»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Պետրոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ: Նա դատախազությունը լքեց Գլխավոր դատախազի հետ տարաձայնության արդյունքում եւ նոր պաշտոն ստացավ Կոմիտեում։
Ի՞ՆՉ ՄԻՋԱԴԵՊ Է ԵՂԵԼ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՎ Հ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ
Օրեր առաջ ՔՊ փակ նիստից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաձեռնող խմբի թեժ նիստը ավարտվել է քաշքշուկով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն են եղել:
Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:
Երեկ եւս ՔՊ-ական պատգամավորը ծառահատումների վերաբերյալ սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշուկով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները իրար հարվածել են հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինս էլ թողել ու հեռացել է:
Վեճին միջամտել է Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին, բայց իրավիճակը գնալով թեժացել է:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ զրուցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբոր՝ Վահե Ղալումյանի հետ։
Մանրամասները՝ ArmLur.am կայքում:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ