
«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից տեղեկացավ, որ Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գ. Աբելյանի արդարացի վերդիկտով Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով:
Իսկ ինչ է ասում ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոսվածի 3-րդ մասը։
Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Դատավոր Աբելյանը ճանաչել է Ջալալ Հարությունյանին մեղավոր, սակայն դեռ ազատազրկման չի դատապարտել: Դատավոր Աբելյանը դեռ պետք է եւս մեկ լսում իրականացնի եւ լսի դատավարության կողմերին ազատազրկման չափի վերաբերյալ, որից հետո կգնա՝ որոշում կայացնելու: 8 տարվա ազատազրկո՞ւմ, թե՞ այլ մեղմ պատիժ. դժվար է ասել, սակայն լուրեր կան, որ չի բացառվում՝ դատավորը այնպիսի վճիռ կայացնի, որից հետո ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին կորոշեն կալանավորել: Սպասենք զարգացումներին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ