Երեկ երեկոյան համացանցում տարածվեց մի աղմկահարույց տեսանյութ, որտեղ Հայաստանի Հանրապետության հենց սրտում՝ Հրապարակում, մի խումբ օտարերկրացիներ երգում էին Արցախի երգը։
Տեսանյութի տարածումից հետո տեղեկություն տարածվեց, որ տեսանյութում երգողները ադրբեջանցիներ կամ թուրքեր են, իսկ մի մասի կարծիքով էլ երգող անձինք իրանցիներ են։
Իրավիճակը երեկոյան գնալով էլ ավելի լարվեց, իսկ իրավապահ կառույցները համառորեն լռում էին և չէին պարզաբանում, թե ովքեր են Հանրապետության հրապարակում Արցախի մասին երգողները։
Միայն 12 ժամ անց ԱԱԾ-ն տեղեկություն տարածեց, որ տեսանյութում երգող անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, որոնք Հանրապետությունում գտնվել են 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
ArmLur.am-ը այս առիթով կապ հաստատեց ռազմական հետազոտությունների անկախ կենտրոնի տնօրեն Ղարիբ Բաբայանի հետ՝ պարզելու համար՝ որտեղի՞ց իրեն տեսանյութը, ինչո՞ւ է այն հիմա հրապարակել և նշել, որ հավաքվածները ադրբեջանցիներ են։
Վերջինս, ArmLur.am-ի հարցը լսելով, պարզաբանեց, որ ժամանակ չունի և արագ անջատեց հեռախոսը։
ArmLur.am-ը կապ է հաստատել նաև իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ, ով ArmLur.am-ին հայտնեց, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը վախի միջոցներ է ստեղծում, հատկապես Իրանում բնակվող թյուրքախոս ատրպատականցիների շրջանում պրոադրբեջանական և հակահայկական տրամադրություններ են ստեղծում։ Իրանագետի խոսքով՝ մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք քարոզչական գործողություններ են իրականացնում։
Կան նաև տեղեկություններ, որ Արցախ երգը, որն իրանցիները երգել են, բավականին հայտնի է։ Իրանի Թավրիզ քաղաքի փողոցային երգիչները անգիր գիտեն և այդ երգը ժամանակին մեզ՝ հայերիս համար էին երգում Թավրիզի փողոցներում՝ ի նշան հայ-իրանական բարեկամության ու Արցախի հայկական պատկանելության։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան