![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/Untitled-13-768x479-1.png)
Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Դրական արդյունք են գրանցել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները. արձանագրվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Արդյունավետ էր նաև Համայնքային ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ինքնաշեն կրակող սարք, որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են հրացանի, գազային ատրճանակի, փամփշտաշղթայով ձեռքի գնդացրի և ռազմամթերքի կամավոր հանձնելու դեպքեր։
Ձեռքի գնդացիր և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Թալինի բաժնում։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Կոտայքի բաժնի ոստիկանները. արձանագրվել է ողորկափող հրացան, «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակներ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ակոսափող հրազեն, որսորդական հրացան, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: