Քննարկվել են միգրացիայի և քաղաքացիության ոլորտի հիմնական առաջնահերթությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Ներկա էին նաև Ներքին գործերի նախարարության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ոլորտի այլ գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Արևելյան գործընկերության և Բալկանների տարածաշրջանային տնօրեն Պետր Դրբոհլավը։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է միասնական հարթակի կարևորությունը և նշել, որ այն հնարավորություն է տալիս առավել արդյունավետ համակարգել միգրացիայի և քաղաքացիության ոլորտում հիմնական առաջնահերթությունները՝ արդյունքում հենք ստեղծելով քաղաքականության, ռազմավարությունների մշակման և հիմնական հարցերի շուրջ կառուցողական երկխոսության համար։

Հանդիպման ընթացքում զեկույցներով ներկայացվել են միգրացիայի և քաղաքացիության գործընթացների թվայնացման օրակարգը, ինչպես նաև ՀՀ ռազմավարական կառավարման համակարգի արդիականացման հայեցակարգը, անդրադարձ է կատարվել բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքին, ՀՀ քաղաքացիության շնորհմանը և դադարեցմանը, Հայաստանում օտարերկրացիներին կացության կարգավիճակների և ապաստանի տրամադրման թվայնացված գործընթացներին և այլ հարցերի։ Օրակարգում ընդգրկված էին նաև Միգրանտների և փախստականների հետ տարվող սոցիալական աշխատանքի ձեռնարկին և վերապատրաստման մոդուլին և «Միգրացիան և կանայք․ առողջության պահպանում և առողջական կարիքների գնահատում» ծրագրի արդյունքներին վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը կարևորել է հարթակի շրջանակում աշխատանքային հանդիպումների շարունակականությունը։ Նախանշվել են երկխոսության հարթակի շրջանակում առաջիկա անելիքներն ու դրանց հիմնական ուղղությունները։

Հարթակի իրականացմանն աջակցում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող «Միգրացիոն համակարգի հզորացումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։ Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։




Լրահոս