ՏԵՍԱՆՅՈՒԹ․ USAID-ից ԿԳՄՍՆ-ին տրված 2 մլրդ դրամ ծրագիրը սառեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործունեության շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք անհետևանք չեն թողել նաև Հայաստանին, այն էլ այքան չարչարկված կրթության ոլորտում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հենց նախագահ ընտրվելու հաջորդ օրն իսկ, համագործակցելով Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկի հետ, նախաձեռնեց USAID-ի փակման գործընթացը՝ նպատակ ունենալով կրճատել ծախսերը և վերանայել գործակալության գործունեությունը։

Այս քայլերը ներառել են USAID-ի Վաշինգտոնի կենտրոնակայանի փակումը, ավելի քան 50 բարձրաստիճան աշխատակիցների վարչական արձակուրդի ուղարկումը և գործակալության համակարգչային համակարգերի նկատմամբ վերահսկողության հաստատումը։

USAID-ի հայաստանյան գրասենյակի փակումը Հայաստանում կրթության ոլորտի վրա ևս բացասական անդրադարձ է թողել։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակում 2023-2027 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը։ Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի՝ «Փրոջեքթ Հարմոնիի» միջև 2022 թվականի դեկտեմբերի 30-ին կնքվել է համագործակցության հուշագիր: Ծրագրի իրականացման համար պատասխանատու է 4 գործընկեր կառույցների («ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»
(կոնսորցիումի համակարգող և գլխավոր պատասխանատու), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հիմնադրամ, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ», «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ) կոնսորցիումը:

ԱՄՆ նախագահի այս գործողությունները բախվեցին իրավական խոչընդոտների։ Վաշինգտոնի դատարանը մասնակիորեն արգելափակել է Թրամփի վարչակազմի որոշումները՝ վերականգնելով մոտ 500 աշխատակիցների աշխատանքը և արգելելով USAID-ի շուրջ 2200 աշխատակիցների վարչական արձակուրդ տրամադրելը։ Այս որոշումը ուժի մեջ կլինի մինչև փետրվարի 14-ը, երբ նախատեսվում է նոր դատական նիստ։

ՀՀՀ ԿԳՄՍ նախարարության և USAID-ի միջոցով իրականացվող ծրագրի համար նախատեսված է եղել 5 մլն ԱՄՆ դոլար, որը համարժեք է գրեթե 2 մլրդ դրամի։ Նախատեսված է եղել ծրագիրն ավարտել 2027 թվականի ապրիլի 14-ին։ Արդեն մեկ տարի է, ինչ ծրագիրը գործում է, սակայն այն գրիչի մեկ հպումով կասեցվել է։

Հենց այս ֆինանսավորման շրջանակում է նաև Տավուշի մարզում ներդրված կրթական նոր չափորոշիչների փորձարկման ֆինանսավորումը, որը սառեցվեց։ Ծրագրի պատասխանատուն 4 գործընկեր կառույցներն են, որոնք ծրագրի շարունակականությունը ապահովվելու համար հնարավոր է փնտրել այլ դոնորներ։

Ներկայումս USAID-ի ապագան մնում է անորոշ, և սպասվում են հետագա զարգացումներ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական մակարդակներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս