2 ամիս փորձագետ, ապա Տեսչական մարմնի ղեկավար․ Սլավիկ Սարգսյանի համեստ կարիերան և եկամուտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը հետաքրքիր տեղեկություններ է գտնել Առողջապահական և տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի վերաբերյալ:
Այսպիսով, վերջին 3 տարիները շրջադարձային են եղել Սարգսյանի կարիերայի համար։ Բանն այն է, որ նա մինչ Տեսչական մարմին տեղավորվելը եղել է «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ի խորհրդատու վաճառող, որից հետո դեղատան վարիչ, դեղատնային ցանցի վաճառքի տնօրեն, ապա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինում որպես Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության փորձագետ։ Հետաքրքիրն այն է, որ Սլավիկ Սարգսյանը 2 ամսի փորձագետի հաստիքում աշխատելուց հետո, կտրուկ դարձել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։

Armlur.am-ը ուսումնասիրել է Սլավիկ Սարգսյանի 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագիրը՝ փորձելով հասկանալ, թե այս տարիների ընթացքում ինչպես է ֆինանսապես փոխվել երիտասարդ պաշտոնյայի վիճակը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի 2024 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն 2023 թվականը նրա համար եղել է բավականին հաջող տարի՝ առնվազն ֆինանսական տեսանկյունից:
Սլավիկ Սարգսյանը հայտարարագրել է 1994 թվականին ձեռք բերված բնակարան, որը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում։ 2023 թվականին Տեսչական մարմնի ղեկավարը ձեռք է բերել 2017 թվականի արտադրության «Mazda» մակնիշի մեքենա, որի արժեքը կազմել է 3 մլն 940 հազար դրամ:

Զգալի ավելացել են նաև բանկային հաշիվների մնացորդները։ Այսպիսով, Սարգսյանը 2023թ համար հայտարարագրել էր ընդհանուր 10 միլիոն դրամից ավել կազմող երկու բանկային հաշիվներ: Դա մոտ 8 միլիոն դրամով ավելին է քան մեկ տարի առաջ հայտարարագրածը: 2022թ պաշտոնյան հայտարարագրել էր ընդամենը 2 միլիոն 600 հազար դրամ, իսկ դրա նախորդած տարում ընդամենը 1 միլիոն 450 հազար դրամ: Սարգսյանը 2023 թվականի ընթացքում իր ղեկավարած Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ստացել է 14 միլիոն 700 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ 2022 թվականին Սարգսյանի վարձատրությունը որպես Տեսչակամ մարմնի ղեկավարի տեղակալ կազմել է 8 միլիոն 500 հազար դրամ:




Լրահոս