Armenian text to speach

ԲՈՅԿՈՏԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՄԵԾ ՉԵՆ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը  հանրային  տրանսպորտի թանկացման վերաբերյալ զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ։

 

-Տիկի՛ն Մինասյան, այս օրերին քննարկվում է տրանսպորտի թանկացման հարցը. ընդդիմությունն ասում է, որ պետք է 100 դրամի սակագինը պահել, իսկ իշխանությունը պնդում է, որ պետք է դառնա 150 դրամ։ Ձեր դիրքորոշումը ո՞րն է, ի՞նչ պետք է անել, որպեսզի հանրությունը չբոյկոտի, քանի որ տեւական ժամանակ է՝ քաղաքացիերի մի մասը բոյկոտում ու չի վճարում։ 

-Ես կարծում եմ, որ բոյկոտի ծավալներն այդքան էլ մեծ չեն։ Բնականաբար սոցիալական դժգոհություն է առաջանում, բայց քաղաքացիների մեծ մասը հասկանում է՝ քանի որ մենք տրանսպորտի շարժակազմի մեծ փոփոխություն ենք արել, եւ հետագայում էլ ավելացնելու ենք շարժակազմը, որպեսզի ավելի արագ եւ քիչ ծանրաբեռնված երթեւեկություն ապահովենք, լինեն կահավորված կանգառներ, ժամատախտակ, ապա այդ փոփոխությունների համար անհրաժեշտ է, որ լինի որոշակի գնային  փոփոխություն։

-Դուք օգտվո՞ւմ եք տրանսպորտից:

-Այս ընթացքում փորձել եմ օգտվել։ Պիկ ժամերին բավականին բարդություններ կան, բայց մնացած ժամերին չեմ կարող համեմատել ներկայիս տրանսպորտը այն տրանսպոտի հետ, որի համար մենք վճարում էինք 100 դրամ եւ պայքարում էինք, որ չդառնա 150 դրամ։

-Նախկին տրանսպորտի ի՞նչն էր վատ։ Դուք ի՞նչ փոփոխություն եք նկատում։

-Դուք «Գազելների» եւ ավտոբուսների միջեւ տարբերություն չե՞ք տեսնում։ Կամ վարորդների տարբերությունը չե՞ք նկատում։ Այն ժամանակ նրանք ծխելով, մարդկանց հետ ոչ բարեկիրթ խոսելով էին երթեւեկում, իսկ հիմա արտահագուստով են։ Տրանսպորտներում կան օդափոխության համակարգեր, կան Wi fi սարքեր, կան շատ այլ հարմարություններ։ Իհարկե, ծանրաբեռնվածության խնդիր կա, բայց այդ խնդիրը լուծվելու է՝ նոր շարժակազմեր բերելով։ Արդեն հայտարարվել է, որ քաղաքապետարանը պատրաստվում է 270 ավտուբուս ձեռք բերել։ Ինչքան տրանսպորտի բարեփոխման խնդիրներն ավելանում են, այնքան էլ բնակչությունն է աճում, ավտոմեքենաներն են ավելանում, հետեւաբար՝ նաեւ խցանումները։ Դրա համար պետք են նոր լուծումներ, որի համար քաղաքապետարանը լուծում է տալիս. ավտոբուսների համար հատուկ գծեր են ստեղծվել, որպեսզի ավտոբուսներից օգտվողների համար ավելի հարմարավետ լինի, քան մեքենաներից օգտվողների համար։

-Դուք պնդում եք, որ ձեր իշխանության շնորհիվ է տեղի ունեցել ավտոբուսների բարեփոխման գործընթացը։ Իսկ, օրինակ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պնդում է, որ իր պաշտոնավարման ժամանակ արդեն գնված են եղել այդ ավտոբուսները։

-Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ եղել են Zhong Tong ավտոբուսները, իսկ Հայկ Մարությանը, ցավոք սրտի, եղել է մեր քաղաքական թիմի անդամ։ Այսինքն՝ նորից մեր իշխանության օրոք է տեղի ունեցել այդ փոփոխությունը,  ոչ թե Հայկ Մարությանի անձնական շնորհքն է դա։

-Տիկի՛ն Մինասյան, նա նկատի ունի, որ այս իշխանությունների շնորհքը չէ, եւ  իր շնորհիվ է  եղել, ուղղակի իրականացվել է Տիգրան Ավինյանի գալուց հետո, այսինքն՝ Ավինյանի պաշտոնավարման ժամանակահատվածից սկսել է շահագործվել։

-Ո՛չ, պարոն Մարությանը մանիպուլացնում է. նա ընդամենը մի որոշ շարժակազմ է պատվիրել, որից հետո Man ավտոբուսների մասին միայն պարոն Ավինյանն է խոսել։

-Քաղաքացիները կա՛մ չեն վճարում, կա՛մ 100 դրամ են վճարում, Ձեր կարծիքով՝ այս բոյկոտի վիճակը երկա՞ր կտեւի, թե՞ մտածում եք՝ քիչ-քիչ կմարի պայքարը։

-Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք բողոքում են, եթե հաշվարկ անեն իրենց ընտանիքի  մասով՝ 1, 2, 3 տրանսպորտ փոխելու պարագայում ո՛ր փաթեթն է ավելի հարմար իրենց մի կետից մյուս կետը հասնելու համար, գուցե պարզվի՝ ավելի հարմար է անսահմանափակ փաթեթներ գնել, օգտվել զեղչային համակարգերից: Այս ամբողջ բարեփոխման իմաստը տոմսային համակարգն է,  ոչ թե 150 դրամը։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՔՊ-Ի ԵՎ ՀՀԿ-Ի ՀԵՏ ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ

Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունները խոստանում են լինել հետաքրքիր եւ թեժ: Ընտրություններին պայքարելու են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՔՊ-ի կողմից քաղաքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Անդրանիկ Թեւանյանի, Սուրեն Սուրենյանցի ուժերը եւս հայտարարել են մասնակցության մասին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է որոշել մտնել ընտրապայքարի մեջ` հետաքրքիր թիմակիցներով:

 

ArmLur.am-ի հետ զրույցում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նշում է՝ «Շախմատի «ֆինտերը» էլ չեն անցնում, բոլորի շապիկները պատռվել են, ոչինչ առաջվանը չէ, որ աչքերներս կուրացած լինի»։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում թեկնածուներին եւ Ռուբեն Մխիթարյանին, որը Գյումրիում մեծ լսարան ունի եւ հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին, Վարդան Ղուկասյանը արձագանքեց. «Հա, ճանաչում եմ, լավ տղա է, բայց ի՞նքն էլ է առաջադրվելու, ինքն իր գործն ունի, քաղաքապետի պաշտոնը դարձրել են «պլենտուսի» մակարդակի։

Թող 100-200 հոգով մասնակցեն, տեսնենք՝ վերջում մի լավ բան կլինի՞, կհաղթի՞ Աստծու ու ժողովրդի կամքը։ Եթե այսքան պետության մեջ նախկին ու ներկա, հարստություններով, լրատվամիջոցներով աշխատում են իմ դեմ, գոնե որ հաղթեմ, թող ասեն՝ արի ճակատդ պաչեմ»։

Հետաքրքրվեցինք նաեւ՝ եթե որեւէ ուժ չհավաքի 50+ ձայն, ի՞նչ զարգացումներ կլինեն, ինքն արդյոք որեւէ ուժի հետ կոալիցիա կկազմի՞: Վարդան Ղուկասյանը բացառեց. ՔՊ-ի եւ ՀՀԿ-ի հետ որեւէ դեպքում չի համագործակցի։ «Եթե քաղաք կառուցողը 50+ ձայն չհավաքի, ո՞վ պետք է հավաքի։ Բայց սխալ է ամեն ինչում վստահ լինելը. եթե մարզիկն էլ մրցույթից առաջ ասում է՝ «ես հաղթելու եմ», դա սխալ է, Աստված ում կամեցավ՝ նա էլ կլինի։

Ես կոչ կանեի բոլորին, որ քաղաքակիրթ ձեւով գնան պայքարի՝ առանց իրար վրա ցեխ շպրտելու, ժողովուրդը կորոշի՝ ում հավատա։ ՀՀԿ-ի ու ՔՊ-ի հետ միանշանակ կոալիցիա չեմ կազմելու, մնացածն էլ՝ կապրենք, կտեսնենք»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 




Լրահոս