
Փետրվարի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա և Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառ»-ի նրա զինակից ընկերների գնդակահարության 81-ամյա հոբելյաններին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի ազատագրման պայքարում անջնջելի հետք թողած Միսաք Մանուշյանի, ինչպես նաև նրա կնոջ՝ Մելինեի աճյունները Պանթեոն տեղափոխելը պատմական իրադարձությունն էր, արդարացի հարգանքի տուրք համամարդկային արժեքների՝ ազատության, հավասարության և մարդու իրավուքների պաշտպանության վեհ գաղափարների համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին։
Դեսպան Խաչատրանն ընդգծել է նաև, որ Միսաք ու Մելինե Մանուշյանները մարմնավորում են ընդհանուր պատմությամբ, բայց նաև՝ ընդհանուր փորձություններով միմյանց կապված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամությունը, Հայաստանի և Ֆրանսիայի միջև անխախտ եղբայրությունը։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, Ֆրանսիայի Սենատի անդամներ, պատգամավորներ, Փարիզի շրջանների և հարակից քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատրամագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, Միսաք և Մելինե Մանուշյանի ընտանիքի անդամներ, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ։