
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ընդլայնել են իրենց պատժամիջոցների ցանկը՝ ներառելով ավելի քան 60 նոր անհատների և ընկերությունների։
Պատժամիջոցներ է սահմանվել նաև գործարար Ռոման Տրոցենկոյի նկատմամբ, որին պատկանում է «Նովապորտ» օդանավակայանի ցանցը։ Դա Ռուսաստանի տարածաշրջանային օդանավակայանների ամենամեծ ցանցն է։
Տրոցենկոն նաև AEON կորպորացիայի հիմնադիրն ու սեփականատերն էր, որը գործում էր հանքարդյունաբերության, տրանսպորտի և քիմիական արդյունաբերության ոլորտներում: 2023 թվականի դեկտեմբերին նա վաճառեց իր փաթեթը։
Տրոցենկոյի որդին՝ Գլեբը, նույնպես ենթարկվել է պատժամիջոցների։
Հիշեցնենք, որ Ռոման Տրոցենկոյի որդին մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։
Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը և Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։