
Բաքվի Նիսամիի շրջանային դատարանը պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հրապարակելու մեջ մեղադրվող և նախորդ տարվա նոյեմբերին կալանավորված հայտնի ռազմական փորձագետ Ադալեթ Վերդիևի քրեական գործով նախապատրաստական խորհրդակցություն է իրականացրել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։
Որոշվել է դատական նիստն անցկացնել փակ ձևաչափով։ Պատճառը քրեական գործում պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության առկայությունն է։ Դատական նիստը նշանակվել է մարտի 19-ին։
Տեղեկության համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 22-ին Լենային Ղարաբաղի տարածքներում կազմակերպված մեդիա շրջագայության ժամանակ Ադալեթ Վերդիևը, որը որպես ռազմական փորձագետ մասնակցել է մեդիաշրջագայությանը, տեսանյութ է նկարահանել, որում երևում են բարձունքները, որտեղ գտնվում են Ադրբեջանի մարտական դիրքերը, սահմանապահ զորքերի տեղակայման վայրերը, և իր մեկնաբանությունների ուղեկցությամբ դրանք հրապարակել սոցցանցային հարթակում։
Ըստ Ադրբեջանի իրավապահ մարմինների՝ նա, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, ծանր հետևանքներով լուրջ վնաս է հասցրել Ադրբեջանի շահերին։
Հավաքված ապացույցների հիման վրա Ադալեթ Վերդիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 284.1 (պետական գաղտնիքի հրապարակում) և 308.2 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հոդվածների հատկանիշներով։