Երևանը ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանը Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա։

Նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։

Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը։

«Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին տրամադրված աջակցությունը, ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններում ՀՀ մասնակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգում անվտանգային և պաշտպանական բաղադրիչի զգալի ընդլայնումը ԵՄ-ի հետ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել»,- նշվում է նախագծում։

Նախատեսվում է ՆԱՏՕ-ի պաշտպանության հարցերով կցորդին համատեղության կարգով նշանակել և հավատարմարգրել Եվրոպական միությունում։

Նախագծում նշվում է նաև, որ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչությանը կից գործելը արդյունավետ համագործակցության, ինչպես նաև տարբեր քննարկումներին մասնակցության միջոցով պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանի ռազմական, ռազմաքաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում մոտեցումները:

«Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցությանը և շարունակական համագործակցությանը շրջանակներում մեծ կարևորություն է տրվում միջազգային լավագույն փորձի, ռեսուսների օգտագործմանը և տեղայնացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքների պաշտպանությունը, կառավարման և օրենքի գերակայության, ինչպես նաև խաղաղապահության, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում քաղացիական վերահսկողության ոլորտները:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական և  ռազմաքաղաքական բնագավառներում: ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդը, գործելով  օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, համակարգում է միջազգային կազմակերպությունների հետ ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը, ինչպես նաև իրականացնում է ներկայացուցչական աշխատանք, որը ներառում ԵՄ-ի տարբեր գերատեսչությունների և կառույցների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում  նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն  կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ»,- ասվում է ՊՆ ներկայացրած նախագծում։

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար Եվրոպական միությունում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով արդյունավետ աշխատանքի համար, կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության հարցերով կցորդ կունենա նաև Բելգիայի Թագավորությունում։




Լրահոս