Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Քաջարան վարչական համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ։
Բանն այն է, որ Հանձնաժողովն ուսումնասիրել է Armeps համակարգում առկա տվյալները և պարզել, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը 2024 թվականի հուլիսի 31-ին Քաջարանի համայնքապետարանի կարիքների համար կնքել է կապալային աշխատանքների կատարման մասին պայմանագիր «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ, որի 40% անուղղակի բաժնեմասնակիցը, իրական շահառու հանդիսացել է վերջինիս հետ փոխկապակցված անձը՝ կինը՝ Լիլիթ Դավթյանը։
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել նաև, որ վերոնշյալ պայմանագիրը կնքելուց առաջ Մանվել Փարամազյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Հանձնաժողով չի ներկայացվել դրա կայացման փաստի վերաբերյալ հայտարարություն։
Հաշվի առնելով այս և այլ օրինախախտումներ՝ Հանձնաժողովը որոշեց Քաջարան վարչական համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ, կազմվել է արձանագրություն։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 6 անշարժ գույք.
- 2 տրանսպորտային միջոց.
- 1 իրավաբանական անձում մասնակցություն.
- 491 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
- 521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ:
Էմմա Միքայելյան

























































































