Երեկ արցախցիները ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք գրություններ են թողնել ՀՀ Կառավարության մասնաշենքի դիմաց։ Արցախցիների իրավունքների եւ աջակցության հարցերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
-Տիկի՛ն Հակոբյան, արցախցիները հավաքվել են Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում են, որ իրենց աշխատանք տրամադրեն եւ կեցության այլ հարցեր են բարձրաձայնում։ Ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Իհարկե արցախցիներն իրենց պահանջները ներկայացնում են, բայց եթե դա փաթեթավորենք, ապա կհասկանանք, որ մեր պահանջն է արժանապատիվ կեցության հնարավորություն ունենալ հայրենիքի այս հատվածում, որը, ի դեպ, պարտավոր են անելու այս իշխանությունները։ Ուզում եմ անընդհատ հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, որ արցախցիները ցեղասպանությունից են մազապուրծ եղել։ Երկրորդ, արցախցիները փախստականի կարգավիճակում են, իսկ փախստականների իրավունքների կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունն ընդունել է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլոր առումներով ունի պարտավորություններ արցախցիների հանդեպ, բայց, չգիտեք ինչու, այդ պարտավորությունների մասին խոսում, հայտարարություններ են անում՝ շեղելով հանրությանը. նրանք ազգամիջյան պառակտում են առաջացնում, հանրության շրջանում տպավորություն ստեղծելով, թե արցախցիներն առանց հոգսի, առանց խնդիրների ապրում են այն պարագայում, երբ Հայաստանում ծանր սոցիալական վիճակ է։
Մեր պահանջը փող ուզելու մասին չէ, ՀՀ-ում շքեղ ապրելու միջոցներ ուզելու մասին չէ։ Մեր պահանջն է արժանապատիվ ապրել հայրենիքի մեր այս հատվածում այնքան, քանի դեռ մեր հավաքական վերադարձի հարցը չի լուծվել։ Մենք բոլորս ունենք մեկ նպատակ՝ վերադառնալ մեր բնօրրան։
-Օրերս կրկին ակցիա իրականացվեց Ազատության հրապարակում, որտեղ արցախցի մի կին նշեց, որ իրեն աշխատանք չեն տրամադրում միայն այն պատճառով, որ ինքն արցախցի է։ Ինչո՞ւ է նման մարդատյացություն տիրում Հայաստանում, որտեղի՞ց է սկիզբ առնում այդ ամենը։
-Իրականում, բացի այն պահանջը, որ աշխատելու համար պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունեն արցախցիները, մյուս կողմից էլ պատճառը քարոզչությունն է, եւ դա արվում է իշխանությունների կողմից: Բոլորը խոսում են, որ արցախցիները փախել են, չեն կռվել, իրենք են հանձնել Արցախը, ու հիմա եկել ուզում են Հայաստանը հայաթափել ու վտանգել։
Իրականում նման հայտարարություն անողները խոսում են իրենց մեղքերի մասին, եւ բնական է, որ մեր հանրության մի հատված, չունենալով ակտիվ շփում կամ պատկերացումներ Արցախի խնդրի կամ արցախցիների մասին, հակված է լսելու եւ ընդունելու։ Եվ այս քարոզչությունը բավականին շատ է տարվում։
-Տիկի՛ն Հակոբյան, վախի՞ց է գալիս այդ ամենը։
-Միանշանակ՝ այո՛։ Վաղ թե ուշ բացահայտվելու է իրականությունը, մեր հասարակությունը հասկանալու է ամեն ինչ։ Ակնհայտ է, որ այն քաղաքականությունը, որ վարում են այս իշխանությունները, դեռ չի ավարտվել։ Սկսվել է Արցախով, բայց բուն նպատակը Արցախի հայաթափումը չի եղել, այլ այն, ինչի մասին խոսում են Ադրբեջանն ու Թուրքիան։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ ՀԻԱՍԹԱՓԵՁՖՋ
Չափազանցված չի լինի, եթե ասենք, որ այս պահին ողջ հանրապետությունը սպասում է Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը գրաված Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը. կդնի՞ նա մի կողմ իր ունեցած նախկին լրջագույն տարաձայնություններն ու թշնամանքը՝ միանալու Վարդան Ղուկասյանին, թե՞ ոչ: Արդյո՞ք ընդդիմադիր ամենաշատ ձայներ հավաքած Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ, թե ոչ:
ArmLur.am-ը հետեւողականորեն փորձում է կապ հաստատել Մարտուն Գրիգորյանի կամ նրա թիմակիցների հետ, բայց բոլորի հեռախոսահամարները անջատված են: Ամենայն հավանականությամբ լարված օրերից, ձերբակալություններից ու տարատեսակ ճնշումների միջով անցնելուց հետո մարդիկ քնած են, հանգստանում են:
ArmLur.am-ը փորձեց նաեւ Մարտուն Գրիգորյանին առաջադրած «Հայրենիք» կուսակցությունից հետաքրքրվել, թե կուսակցությունն ինչ որոշում է կայացնելու, սակայն նրանք էլ չպատասխանեցին:
Իհարկե, Մարտուն Գրիգորյանին եւ թիմին ճանաչողները լավ գիտեն, որ նա երբեք որեւէ պարագայում ՔՊ-ի կողքին չի կանգնի եւ չի հիասթափեցնի ինչպես իր ընտրողներին, այնպես էլ հանրության ընդդիմադիր հատվածին: Մեզ մնում է էլի սպասել Մարտուն Գրիգորյանի կամ «Հայրենիք» կուսակցության հայտարարությանը:
Հավելենք, որ լարված երեկոյից հետո Գյումրին դատարկվել է։
Հարբած ՔՊ-ականները պատրաստվում էին տոնել հաղթանակը, սակայն ոչինչ չստացվեց եւ, կարծես թե, առավոտյան բոլոր ՔՊ-ականները երեկոյան շոուներից հետո գետնի տակ են անցել։ Սա ՔՊ-ի համար անսպասելի պարտություն էր։
Հիշեցնենք, որ առավոտյան քաղաքական 2 ուժ՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը եւ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը հայտնեցին, որ իրենց ձայնը կտան Վարդան Ղուկասյանին։
Ընդդիմությունն այժմ սպասում է Մարտուն Գրիգորյանի վճռորոշ ձայնին։ Եթե Մարտուն Գրիգորյանը չհամաձայնի ձայն տալ Ղուկասյանին, ապա Գյումրին պետք է եւս մեկ անգամ ընտրի։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































