Armenian text to speach

1 ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ԿԱՆԽԱՏԵՍԵՑԻՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԼՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է այն մասին, որ Գյումրու Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրելու, եւ մեծ հավանականությամբ քաղաքապետ կդառնա Վարդան Ղուկասյանը: Սա գրել էինք՝ հաշվի առնելով մեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, որոնք գեներացվել էին փակ սոցիոլոգիական մի քանի հարցումների արդյունքների հիման վրա. ու քանի որ դրանք ուղիղ համընկնում էին նաեւ ուժային կառույցներից մեր ստացած հարցումների արդյունքների հետ, դրա համար վստահ հրապարակեցինք, որ անխուսափելիորեն ընդդիմության մեջ ամենաշատ ձայնը հավաքելու է Վարդան Ղուկասյանը եւ մեծ հավանականությամբ հենց նա կդառնա քաղաքապետ:

 

Մեր այս հրապարակումները ընդդիմադիր շատ գործիչների համար անցանկալի էին: Որոշ գործիչներ անգամ նեղացել էին մեզանից այդ հրապարակումների համար՝ նշելով, թե ինչու ենք մենք Վարդան Ղուկասյանին միանձնյա «նշանակել» քաղաքապետ։

Մինչդեռ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այն, ինչը հրապարակել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ օգտվելով իր աղբյուրներից, որոնք սոցիոլոգիական տարբեր հարցումների ամփոփ վերլուծություններ էին, բացարձակապես համընկավ իրականության հետ, եւ սա նշանակում է, որ ընդդիմադիր թեկնածուները ոչ թե պետք է նեղանան «Ժողովուրդ» օրաթերթից, այլ պետք է հաշվի նստեն իրողությունների հետ։

Ամեն դեպքում հարկ է արձանագրել, որ ՔՊ-ն պարտություն է կրել Գյումրիում, իսկ ընդդիմությունը հաղթել է: Հիմա մնում է՝ ընդդիմությունը խոհեմություն դրսեւորի, իսկ մենք հետեւենք, թե ինչպես այդ հաղթանակը կկապիտալիզացնի ընդդիմությունը եւ քաղաքապետ կնշանակի իրենցից որեւէ մեկին։ Ընդ որում արդեն էական չէ, թե ով կլինի քաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը թե Կարեն Սիմոնյանը։

Գլխավորն այն է, որ ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում հաղթեց իշխանությանը։

Ի դեպ, նույն պատկերն է նաեւ Փարաքար խոշորացված համայնքում, քանի որ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի եւ «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանի հիմնած «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը համոզիչ, տպավորիչ, վերջնական հաղթանակ է տարել ՔՊ-ի եւ հարակից ուժերի նկատմամբ՝ հավաքելով 57% ձայներ։

ArmLur.am-ը տեղեկացավ, մարտի 31-ին Գյումրիում տեղի ունեցած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը գյումրեցիների 47.452 ընտրողներից միայն 17.183-ն է ձայն տվել։ Ստացվում է, որ քաղաքացիների կեսն անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը Գյումրիում ձայն չի տվել։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս խայտառակ տվյալների մասին վաղուց տեղեկացված է եղել Նիկոլ Փաշինյանը, ինչի համար ո՛չ մասնակցեց քարոզարշավին եւ ո՛չ էլ ՔՊ-ի կազմակերպած վերջին եզրափակիչ հանրահավաքին։

Նշենք, որ Փաշինյանը ընդամենը մեկ անգամ գնաց Գյումրի, այն էլ ՏԻՄ ընտրությունների համար դրամահավաք կազմակերպելու նպատակով, շրջեց Գյումրիում, զրուցեց գյումրեցիների հետ, հասկացավ նրանց տրամադրվածությունը, եւ այլեւս չխառնվեց իրավիճակին, որ պարտության խարաններից մեկը ինքը չդառնա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցելել էր մարտի 9-ին եւ հանդես եկել սուր ելույթով։

Նա ընտրությունների մասնակիցներից միայն նախկին քաղաքապետ, Կոմկուսի ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի անունը տվեց: Սակայն, ընդգծեց, որ «Գյումրիի ընտրություններին «մասնակցում» է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի»՝ հայտարարելով, թե դրանք նախկին դեսպան Միքայել Մինասյանինը, Վարդան Ղուկասյանինը, երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանինն ու Սերժ Սարգսյանինն են:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

2 ՄԼՆ 401 ՀԱԶԱՐ 169 ԴՐԱՄ

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 401 հազար 169, որից տրոլեյբուսներում՝ 83 հազար 932, մետրոպոլիտենում՝ 505 հազար 917 եւ ավտոբուսներում՝ 1 մլն 811 հազար 320:

 

 

ՉՄԵԿՆԱԲԱՆԵՑ

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մարտի 30-ին Գյումրիում ալկոհոլի ազդեցության տակ «արկածներից» հետո երկուշաբթի եկել է խորհրդարան: Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, իսկ լրագրողները հետաքրքրվում էին, թե արդյոք Գյումրիում ընտրությունների արդյունքներն էին պատճառը, որ ինքը երեկ նման վարք էր դրսեւորում: Նաեւ լրագրողներին հետաքրքրում էր՝ եթե Անդրանիկ Քոչարյանը սուր քննադատության ենթարկվեց լրագրողի նկատմամբ տգեղ վարքի համար, իր դեպքում ի՞նչ զարգացում կարող է լինել: Նա միայն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ ձեր հարցերի կոնտեքստը»: Նա չմեկնաբանեց նաեւ երեկվա իր հայտարարությունը թե՝ ինչո՞ւ մանդատս դնեմ, միեւնույն է՝ 2026-ին էլ իշխանություն չենք լինելու:

 

 

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԽՈՍԵԼ ԵՆ

Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի ընթացքում գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջեւ բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի կապակցությամբ, քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տնտեսության, առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

 

 

ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ

Ադրբեջանը գիշերային ժամերին շարունակում է անկանոն կրակահերթերով խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի՝ Ադրբեջանը նաեւ ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում: Կոնկրետ առաջնագծի տեսանելի հատվածում ադրբեջանական շարժեր, ակտիվություն առանձնապես չկա, իսկ թե ինչ է կատարվում խորքում, դժվար է ասել: Ամեն դեպքում Ադրբեջանի համակարգված գործողություններն առաջնագծում ոչ մեծ ինտենսիվությամբ շարունակվում են»,-հայտնել է Տ. Աբրահամյանը։

 




Լրահոս