Թուրքիայի նախագահականի hանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը այսօր հաստատել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 19-ին մեկնելու է Թուրքիա՝ Էրդողանի հրավերով։
Նա գրել է, որ երկու նախագահների մասնակցությամբ Քահրամանմարաշում տեղի է ունենալու երկրաշարժից հետո կառուցված «Ադրբեջանի թաղամասի» բացումը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի հրավերով: Օրեր շարունակ շրջանառվող տեղեկությունն երեկ հաստատեց Ազգային ժողովի նախագահը: Ալեն Սիմոնյանն այցը որակեց պատմական:
«Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու», – լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Հարցին՝ «պաշտոնակա՞ն այց է», Սիմոնյանն արձագանքել է. – «Լսեք, ես հիմա դժվարանում եմ անունը ասել՝ պաշտոնական է, աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է, և հրավեր է արվել նախագահի կողմից, և հենց էդ ֆորմատով է լինելու, այո»:
Թե կոնկրետ ի՞նչ օրակարգով է Ռեջեփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել Անկարա անհայտ է:
«Ոչ մի արտառոց բան էս պահի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև չեմ բացառում որևիցե քննարկում», – նշել է Սիմոնյանը:

























