Աստղիկ Ռուբենի Բալասանյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմում է մուտքագրվել 2025 թվականի փետրվարի 10-ին, որի արդյունքում Հանձնաժողովը կայացրել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու և դիմումը մասնակի մերժելու որոշում։
Բանն այն է, որ այս դիմումի հիման վրա Հանձնաժողովի որոշմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի նկատմամբ վարքագծի առերևույթ խախտումների վերաբերյալ վարույթ է հարուցվել՝ հետևյալ տեղեկության հիման վրա․
Ըստ դիմումի՝ Տեսչական մարմնի ղեկավար Ս․ Սարգսյանի կողմից 20 օրվա ընթացքում արձակվել է 4 հրաման՝ դիմողի նկատմամաբ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ, որոնցից 3-ը՝ 2024 թվականի օգոստոսի 20-ին, իսկ 4-րդը՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին։
Նշված 4 ծառայողական քննություններից 2-ը հարուցվել են «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված 1 վարույթի արդյունքում, մեկը՝ վերադասության կարգով բողոքի շրջանակներում վարչական ակտի մի մասով գործը նոր քննության ուղարկելու արդյունքում, իսկ վերջինը՝ ստուգում իրականացրած աշխատանքային խմբի կողմից ստուգաթերթի մեկ հարցի պատասխանը ճիշտ չձևավորելու պատճառով։
Ըստ դիմումի՝ վերադասությամբ կամ վարչական դատարանում վարչական ակտերի բողոքարկման արդյունքում Տեսչական մարմնի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց կողմից ընդունված վարչական շատ ակտեր են բեկանվել և ուղարկվել նոր քննության, արձանագրվել են շատ դեպքեր, երբ ստուգաթերթերի պատասխաններն աշխատանքային խմբի կողմից ճիշտ չեն ձևավորվել, սակայն Տեսչական մարմնի ղեկավարի կողմից միայն արևելյան տարածքային կենտրոնի պետն է ներգրավվել ծառայողական քննությունների գործընթացում։ Դիմողը նշել է, որ իր նկատմամբ ցուցաբերվել է խտրական, անհարգալից և ոչ օբյեկտիվ վերաբերմունք։
Դիմումի համաձայն՝ Բալասնյանի կողմից ղեկավարված տարածքային կենտրոնի հաստիքացուցակով հաստատված է վարորդի հաստիք, որը, սակայն, սպասարկում է Տեսչական մարմնի ղեկավարին։ Ըստ դիմողի՝ Սլավիկ Սարգսյանը իրեն արգելել է օգտվել ծառայողական մեքենայից։
Դիմումը ստանալուց գրեթե մեկ ամիս անց միայն Սլավիկ Սարգսյանը մարտի 12-ին ներկայացրել է իր դիրքորոշումը․
Դիրքորոշման մեջ նշվում է, որ Ս․ Սարգսյանը ծառայողական 12 քննություն է սկսել Տեսչական մարմնում ղեկավար պաշտոն զբաղեցնող աշխատակիցների նկատմամբ, որի հիմքով էլ Տեսչական մարմնի ղեկավարը արդարացրել է Բալասանյանի նկատմամբ սկսված քննությունը։
Դիրքորոշման համաձայն՝ Աստղիկ Բալասանյանի նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի համաչափությունն ու օրինականությունը այժմ քննվում են դատական կարգով։
Դիրքորոշմամբ նշվում է, որ ինչ վերաբերվում է Տարածքային կենտրոնի պետի կողմից ծառայողական ավտոմեքենայից օգտվելու «օրինական» իրավունքից զրկելուն, ապա ՀՀ գործող սահմանադրության մեջ չկա որևէ կարգավորում, որը կսահմաներ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ծառայողական ավտոմեքենայի օգտագործումն անձնական նպատակով։
Բալասանյանը հաջորդիվ ներկայացրած դիմումներում նշել է, որ Տեսչական մարմնում կան առերևույթ կաշառք վերցնելու գործընթաց, որին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փաստաթղթերում կցվել են նաև Վարդան Ղուկասյանի(ԴՈԳ) տելեգրամյան ալիքում հրապարակված կոռուպցիոն բնույթի տեղեկատվությունը։
Հաշվի առնելով Աստղիկ Բալասանյանի դիմումի քննությամբ առկա հանգամանքները, Հանձնաժողովը եզրակացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի կողմից վարքագծի կանոների խախտման բացակայության մասին։
Էմմա Միքայելյան
























