Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը եւ երկկողմ հարցերը:
Կրեմլի մամուլի ծառայության տեղեկացմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով վերջին զարգացումները Ուկրաինայի շուրջ:
Ըստ հաղորդագրության քննարկվել է իրավիճակի զարգացումը Ուկրաինայի շուրջ, Պուտինը ներկայացրել է Ալյասկայի Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան հանդիպման արդյունքները։
Ռուսական կողմը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մոսկվա–Կիեւ բանակցությունները Ստամբուլում կազմակերպելու եւ դրանց ընթացքին աջակցելու համար։ Զրուցակիցները անդրադարձել են նաեւ երկկողմ օրակարգի մի շարք թեմաների։Կողմերը պայմանավորվել են շարունակել անմիջական շփումները։
Մինչ այդ Պուտինը Ալյասկայում կայացած գագաթնաժողովի արդյունքների մասին արդեն տեղեկացրել էր Սաուդյան Արաբիայի, Ղրղզստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Տաջիկստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Բելառուսի առաջնորդներին։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Ալյասկայի Անքորիջ քաղաքում գտնվող Էլմենդորֆ–Ռիչարդսոն ռազմական բազայում։ «Երեքը երեքի դիմաց» նեղ ձեւաչափով հանդիպումը տեւել է 2 ժամ 45 րոպե։ ՌԴ կողմից մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրանք պատրաստակամություն են հայտնել աշխատելու Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ կարգավորման կարեւոր կետերով համաձայնություն դեռ չկա, սակայն առկա են պայմանավորվածության հասնելու լավ հնարավորություններ։ Թրամփը հորդորել է Վլադիմիր Զելենսկիին գնալ գործարքի Ռուսաստանի հետ՝ նշելով, որ խաղաղության հնարավորությունը մեծապես կախված է նրանից եւ եվրոպական երկրներից։
Իր հերթին Պուտինը հայտարարել է, որ Ալյասկայի հանդիպումը կողմերին մոտեցրել է անհրաժեշտ որոշումների կայացմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ինչպես եւ ամերիկյան կողմը, կողմ է Ուկրաինայում մարտական գործողությունների հնարավորինս արագ դադարեցմանը։
Հեղինակ՝ Անի Վարդանյան





























