Armlur.am-ը կրկին բաց նամակ է ստացել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից:
«Բրյուսովի անվան Պետական համալսարանում անօրինականությունները վաղուց վերածվել են համակարգի։ Նոր ուսումնական տարվա շեմին կրկին բացահայտվում են այնպիսի դրվագներ, որոնք ցանկացած համալսարանի համար պիտի դառնային մեծագույն խայտառակություն։
Այսօր ապօրինի գործողությունների կիզակետում են ուսուցիչներին «թափթպուկ» անվանող «տխրահռչակ» Լևոն Սարգսյանը՝ լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, և Դոնարա Ղազարյանը՝ ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորը։ Նրանք իրենց իրավունք են վերապահել անտեսելով ամբիոնի վարիչին, փաստացի վերացնել ամբիոնի վարիչի ինստիտուտը։ Իրենց իրավունք են վերապահել , շրջանցելով բոլոր հաստատված կանոնակարգերը, դասախոսական բեռնվածությունները կազմել կամայականորեն, առանց մասնագիտական չափանիշների, իսկ ամբիոնի դասախոսները, որոնց «անպատիժ» Սարգսյանն արդեն իսկ հասցրել էր անվանել «թափթփուկ», այդպես էլ զրկվել են իրենց ժամերից։ Այդ ժամերը փոխանցվել են այլ անձանց անհայտ պայմանների դիմաց։
Բայց սա դեռ ամենը չէ։ Համալսարանի Աշխատակազմի և տնտեսական հարցերով պրոռեկտորը վերջերս իրեն թույլ է տվել ֆիզիկական բռնությամբ սպառնալիք՝ խոստանալով «կտրել» Ուսումնական բաժնի ղեկավարի վիզը, և նույնպես մնալ «անպատիժ»: Սա ոչ թե կրթական հաստատության ներսում ընդունելի պահվածք է, այլ քրեական դաշտին հատուկ լեզու։
Իսկ ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը հայտնի է ոչ միայն դասախոսներին ճնշելու, այլև ֆինանսական կեղծիքների մեջ ներգրավված լինելու փաստերով․ նրա անունը կապվում է աշխատակիցների ՝ առանց վերջիններիս գիտության, վարկեր ձևակերպելու դեպքերի հետ։ Բացի այդ, Ղազարյանի «թեթև» ձեռքով մարդիկ ստիպված են եղել հեռանալ աշխատանքից՝ անհիմն և կամայական պատճառաբանություններով, ևս «անպատիժ»…
Այս ամենի գլխավոր հովանավորն ու պաշտպանը համալսարանի ռեկտորը` Դավիթ Գյուրջինյանն է։ Քաջատեղյակ լինելով բոլոր ապօրինություններին՝ նա ոչ միայն չի փորձում վերացնել դրանք, այլ «թևեր է փռում» մեղավորների վրա, ասելով « քանի ես այս համալսարանի ռեկտորն եմ, իմ տեղակալները պիտի լինեն կողքիս..» Պատճառը պարզ է․ ինքը ևս խորը ներքաշված է ապօրինությունների ճահճում։ Մի բան էլ ավելին՝ ռեկտորը համալսարանը վերածել է սեփական ընտանիքը ու շրջապատը «տաքուկ տեղավորելու» վայրի։ Ընտանիքի ամդամներ, բազմաթիվ բարեկամներն ու դստեր ընկերները նշանակվում են կարևոր պաշտոնների, իսկ երկարամյա աշխատակիցները՝ հալածվում կամ ազատվում աշխատանքից:
Բրյուսովի համալսարանում ճշմարտությունը վաղուց թաղված է, իսկ ղեկավարության ժպիտները ծածկում են միայն կեղծիքը։
Չեխովն ասել է․
«В человеке всё должно быть прекрасно: и лицо, и одежда, и душа, и мысли».
Բրյուսովի ղեկավարության մեջ այդ ամենից ոչինչ չի մնացել։ Ո՛չ մտածողություն, ո՛չ ազնվություն, ո՛չ էլ պատասխանատվություն։
Ուստի գլխավոր հարցը մնում է անփոփոխ․ որքանո՞վ ենք պատրաստ լռել, երբ երկրի առաջատար բուհերից մեկը վերածվում է սպառնալիքի, անձնական շահերի ու ապօրինությունների որջի»,-մեզ ուղարկված բաց նամակում նշել են աշխատակիցները:
Armlur.am-ը քիչ առաջ կապ հաստատեց ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի հետ, նրանից մեկնաբանություն ստանալու համար: Սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց որևէ բառ խոսել մեզ հետ:
Սոնա Գրիգորյան



























