Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է Ղազախստանից Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Առաջին բեռների խմբաքանակը լինելու է հացահատիկը, որը Կասպից ծովով և Ադրբեջանի տարածքով պետք է հասնի Հայաստան։ Վրաստանում կայացած միջազգային հարթակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ողջունեց Ադրբեջանի նախագահի այդ որոշումը՝ այն որակելով որպես տարածաշրջանային հաղորդակցությունների բացման դրական օրինակ։
Այդուհանդերձ, երբ խոսքը վերաբերում է ռազմավարական ապրանքների՝ մասնավորապես հացահատիկի մատակարարմանը, հարցը միայն տնտեսական հարմարությունը չէ։ Այն դառնում է քաղաքական վերահսկողության, անվտանգային խոցելիության և ինքնիշխանության հարց։
«Միասնության թևեր»-ի վերլուծություն է ներկայացնում Ադրբեջանի տարածքով ղազախական հացահատիկի տարանցման վերաբերյալ, որտեղ արձանագրված է․ «Տնտեսական բոլոր «ակնհայտ դրականների» կողքին նոր երթուղին ստեղծում է նաև քաղաքական կախվածության նոր օղակ։ Եթե ռազմավարական ապրանքի՝ հացահատիկի, մատակարարման շղթան անցնում է հակառակորդ երկրի վերահսկող տարածքով, ապա այդ երկիրը ստանում է իրական լծակ՝ ցանկացած պահի ազդելու Հայաստանի պարենային շուկայի վրա։
Այս ռիսկը տեսական չէ․ Լաչինի միջանցքի փակման փորձը ցույց տվեց, թե ինչ արագությամբ կարող է տրանսպորտային սահմանափակումը վերածվել հումանիտար ճգնաժամի։ Այժմ, երբ նույն պետությունը վերահսկում է Հայաստանի հացահատիկային մատակարարման ուղիներից մեկը, այդ վտանգը դառնում է չափելի և կանխատեսելի»։
Վերլուծությունից եզրահանգում ենք, որ ճանապարհների բացվելը լավ է, երբ դրանցով անցնում է փոխադարձ վստահություն։ Բայց երբ ճանապարհը անցնում է այն տարածքով, որտեղից մեր անվտանգության հիմքերն են կործանվել, բաց ճանապարհը դառնում է ոչ թե հնարավորության, այլ կախվածության խորհրդանիշ։ Արցախը Հայաստանի պարենային անկախության իրական երաշխիքն էր։
Ղազախական հացահատիկը՝ ադրբեջանական տարանցմամբ, պարզապես հիշեցնում է, թե ինչ բարձր գին ենք վճարում մեր կորստի համար։





























