ՍԵՐԺԸ ԴԱՍԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2010 թվականի հունիսին ԼՂՀ պաշտպանության բանակի Ասկերանի զորամասում մահացած 34-ամյա Գաբրիել Առաքելյանի մայրը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ իր ավագ լեյտենանտ որդուն սահմանի վրա սպանել են` պատճառաբանելով, որ նա գաղտնաբառը չի իմացել: Գաբրիելի մայրը` տիկին Էլմիրա Առաքելյանը, ով Սերժ Սարգսյանի դասընկերուհին է եղել, այժմ Ստեփանակերտում է բնակվում: Նա  եկել է Երեւան` հայրենի պաշտոնյաներին խնդրելու օգնել եւ բացահայտել, թե իրականում ով է դարձել իր մինուճար որդու մահվան պատճառը:
Տիկին Էլմիրան մեզ հետ զրույցի ողջ ընթացքում արտասվում էր`  հիշելով որդու հետ կատարվածը: Նա պատմեց, որ իր որդին` Գաբրիելը, 13 տարեկանից իր հետ մարտի դաշտում է եղել. «Հետո ինքը գնաց Հունաստանի ռազմական ակադեմիա, սովորեց իրավաբանական բաժնում ու վերադարձավ, ասաց, որ էլի է ուզում բանակում լինել: Սկսեց ԼՂՀ Ասկերանի զորամասում որպես սպա ծառայել, ինքը դեռ փոքր ժամանակվանից էր պատերազմի դաշտում կռվում, իր մասին շատ գրքերում են գրել, գրում էին, թե ինչպես է մի պատանի տղա կամավոր գնացել մարտի դաշտ` կռվելու»:
2010թ. հունիսի 8-ին Գաբրիելը ԼՂՀ դիրքերում է եղել, որտեղ էլ անհասկանալի ձեւով սպանվել է. «Իրան սպանել են, իբր թե նշանաբառը չիմանալու պատճառով, բայց ո՞նց կարող ա նման բան լինել, եթե նշանաբառը բոլոր ծառայողներին տեղյակ են պահել, ո՞նց կարող ա պատահի` իմ տղան չիմանար»: Տիկին Էլմիրան պատմեց, որ ինքը Ստեփանակերտի «Արցախ բանկ»-ում հաճախորդների սպասարկման բաժնում է աշխատում եւ որդու մահվան օրն աշխատանքի է եղել: «Ամսի 9-ին իմ ծննդյան օրն էր, տղայիս հետ խոսացի, պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը գալու է` ծնունդս միասին նշենք, բայց իմ ծննդյան օրն իմ տղայի դիակը տվեցին»,-արտասվելով, բառերը հազիվ միմյանց կպցնելով` պատմում էր տիկինը:
Նա վստահ է, որ իր որդուն պատվիրել են  սպանել. «ԼՂՀ նախարարի կողմից է եղել, որովհետեւ իմ տղան խնդիրներ ա ունեցել, բայց ինքն ինձ ոչինչ չէր ասում, ինքը կոնֆլիկտներ է ունեցել Մոսի Հակոբյանի հետ տարբեր թեմաների համար, անգամ արձակուրդի ժամանակ իմ որդին խնդիրներ ունեցավ նրա հետ: Ինքն ուղղակի նախանձում էր, որ իմ որդին լավ տեղ է սովորել, առաջատար սպա է, անգամ իրեն կապիտանի կոչում էին տվել, հետո ասաց,  թե երկու հազար դոլար բե՛ր, որ կոչումդ մնա, Գաբրիելն էլ չտվեց, կոչումը հետ վերցրեց»:
Սպանված ավագ լեյտենանտի մայրը նշեց, որ ԼՂՀ պաշտպանության նախարար Մոսի Հակոբյանն անգամ իր որդու հետ զրուցելու ժամանակ ոչ կոռեկտ բառերով է խոսել. «Մոսի կոչեցյալը թքած ունի բանակի վրա, իմ որդին ասում էր, որ ինքն իր բիզնեսով էր զբաղված, զինվորներից անիմաստ գումարներ էր հավաքում, անընդհատ բենզին, սոլյարկա էին կրճատում պոստ գնացող սպաներից, որ գեներալները տանեին իրենց արտերը, իրանք վարվում են նենց, ոնց իրանց ա հարմար»:
Ի վերջո,  Գաբրիելի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ պարզվել է, որ 21-ամյա պայմանագրային ծառայող Վլադիմիր Սաքոյանն է Գաբրիելի վրա կրակել` նշանաբառը չիմանալու պատճառով: Վերջինս անգամ դատարանում հայտարարել է, որ ինքն է Գաբրիելի վրա կրակել, բայց ինքը չի սպանել նրան: Սաքոյանին 15 տարով դատապարտել են: Սակայն Գաբրիելի մայրը համոզված է, որ իր որդուն պատվիրել են սպանել եւ այդ երիտասարդին ընդամենը ձեւական են դատել` իրեն «լռեցնելու» համար:
Հասկանալով, որ ինքն անզոր է, քանի որ ըստ տիկին Էլմիրայի` Մոսի Հակոբյանն ամեն գնով «փակել» է գործը,  որդեկորույս մայրը նամակով դիմել է իր դասընկերոջը` Սերժ Սարգսյանին, վերջինիս թիկնապահի` Վաչոյի միջոցով` խնդրելով  բացահայտել, թե ով է իր որդու հետ հաշվեհարդար տեսել: Ասել են` սպասե՛ք Սերժ Սարգսյանի պատասխանին, սակայն շուրջ 6 ամիս է` «քար» լռություն է:
Զոհված զինվորականի մայրը բազմիցս դիմել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, խնդրել է հանդիպման օր նշանակել, բայց ապարդյուն: «Ախր չեք պատկերացնում,  ամեն ինչ փակեց Մոսին: Դուք պատկերացնո՞ւմ եք, անգամ առաջին օգնություն չեն ցույց տվել, թողել են` արյունաքամ ա եղել: Պոստերում մի հատ ամբուլատորիա չկա, որ զինվորներին առաջին օգնություն ցույց տան: Իսկ Գաբրիելս նման բաների մասին իմացել ա, միշտ հակադրվել ա Մոսիին: Անիմաստ փողեր են հավաքել,  ինքը դեմ ա եղել, դրա համար էլ իմ տղայի գլուխը կերան: Պատկերացնո՞ւմ եք, մինչեւ այսօր իմ որդու անվան տակ փող են հավաքում, թե Գաբրիելի ընտանիքին օգնելու համար ա, բայց ես մենակ եմ ապրում, ինձ ոչ մի բան չեն տալիս, էլի խաբում են, ուղղակի ամոթ ա, Մոսի՛, որ դու նման պաշտոն ես զբաղեցնում»,-լացակումած ասաց Գաբրիելի մայրը:
Էլմիրա Առաքելյանը Ստեփանակերտից հատուկ եկել է Երեւան` Սերժ Սարգսյանի կամ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպելու եւ ԼՂՀ բանակում կատարվածն ու իր վիճակը ներկայացնելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս