ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2010 եւ արդեն 2011 թվականների ապօրինի անտառահատման քանի՞ դեպք է բացահայտել բնապահպանության նախարարությունը եւ ի՞նչ տուգանքների է ենթարկել անտառահատներին (խնդրում եմ ներկայացնել 2 տարիների համեմատական թվեր):

Արմինե Բաբայան, 28 տարեկան, լրագրող


ՊԱՏԱՍԽԱՆ. 2011թ. հունվարից առ 30.11.2011թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 8 մասնաճյուղ անտառտնտեսություններում կատարված տեսչական ստուգումների, իրականացված շրջայցերի, ինչպես նաեւ անտառտնտեսություններից եւ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներից ստացված անտառխախտման արձանագրությունների քննության արդյունքում կազմվել է 286 ակտ: Ստուգված 8 մասնաճյուղերի եւ ստացված անտառխախտման արդյունքում արձանագրվել է ապօրինի հատված 1503 ծառ, ինչի արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված 125.8 միլիոն դրամի վնաս: 2011թ. դատաքննչական մարմիններին է ներկայացվել 42.9 միլիոն դրամ գումարով շրջակա միջավայրին պատճառված վնասը վերականգնելու պահանջով 42 դիմում:   Անտառտնտեսություններում 2011թ-ի օգոստոսից ստուգումներ չեն իրականացվել, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից տարվող տեսչական բարեփոխումների գործընթացի, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով ամրագրված որոշակի սահմանափակումներով: ՀՀ անտառային տարածքներում ապօրինությունների կանխման նպատակով  2011թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին ՀՀ բնապահպանության նախարարության տեսչության կողմից ՀՀ ավտոճանապարհներին իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է անտառխախտման 250 դեպք, կայացվել է 230 վարչական տուգանքի որոշում` 20.5 մլն դրամ գումարով եւ կազմվել 20.9 մլն դրամ գումարով շրջակա միջավայրին պատճառված վնասի  224 արձանագրություն:

ՀՀ բնապահպանության նախարարության
աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, 2011 թվականի ընթացքում` մինչեւ հոկտեմբեր ամիսը, ամբողջ նախարարությունը` տարբեր օղակներով, գրեթե այնքան խախտումներ է հայտնաբերել, որքան 3 ամսում արել է ՀՀ բնապահպանության նախարարության տեսչությունը միայնակ` առանց ստուգումներ կատարելու: Այսինքն` նախարարության տեսչության կողմից կատարված օպերատիվ աշխատանքների արդյունքում  3 ամսում 20,9 մլն դրամ է վերականգնվել պետբյուջե: Շատ տարօրինակ պատկեր է: Առաջիկայում թեմային առավել մանրամասն կանդրադառնանք «Ժողովուրդ»-ի այլ էջերում` այլ խորագրի ներքո:




Լրահոս