Ազգային ժողովում երեկ անդրադարձել էին 17 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին. քննարկվում էր 2008 թվականի մարտի 1-ի թեման, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչները փորձում էին արդարանալ՝ պատասխանատվությունը տեղափոխելով իրենց նախորդների, նախկին իշխանությունների կամ այլոց վրա։
Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ի՝ «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացած վճռով արձանագրեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում պետությունը խախտել է կյանքի իրավունքը՝ ինչպես նյութական, այնպես էլ ընթացակարգային բաղադրիչներով, եւ փաստացի պատասխանատվություն է կրում մի շարք զոհերի մահվան համար։
Այս վճռից հետո Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը նախաձեռնել էր քննարկում ԱԺ լիագումար նիստերի դահլիճում։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, թե երեկվա քննարկման գաղափարի իրական հեղինակը ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է: Վերջինս, ըստ աղբյուրների, հրաժարվել է անձամբ հանդես գալ այդ նախաձեռնությամբ, քանի որ իր կողմից կազմակերպված նախորդ լսումները անցել էին լարված ու աղմկոտ մթնոլորտում՝ հանգեցնելով լուրջ հետեւանքների. Նարեկ Զեյնալյանը մանդատից հրաժարվելու մասին SMS ստացավ եւ լքեց ԱԺ-ն, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, ներքին գործերի նախարարը, ԲԴԽ նախագահը եւս հեռացան իրենց պաշտոններից։ Այդ պատճառով տեղեկություններ էին շրջանառվում, որ Անդրանիկ Քոչարյանը նախընտրել է գործընթացում «ներկայանալ» այլ պատգամավորի՝ երիտասարդ Ռուստամ Բաքոյանի միջոցով։
Ռուստամ Բաքոյանը, որը մինչ այս հրապարակային կերպով չէր անդրադարձել մարտի 1-ի իրադարձություններին, հանկարծակի ակտիվորեն առաջ է մղվել՝ նույն թեմայով լայնածավալ լսումներ կազմակերպելու նպատակով։ Ըստ նույն աղբյուրների՝ նիստին հրավիրված ուժային կառույցների ներկայացուցիչները, հյուրերը եւ ՀԿ-ների գործիչները եւս ընտրվել են Քոչարյանի «ղեկավարությամբ», եւ հենց նա է ապահովել նրանց ներկայությունը։
Այս հարցերի կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Ռուստամ Բաքոյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Բացարձակ անհեթեթություն է։ Գաղափարը իմն է, կազմակերպչական բոլոր աշխատանքները եւ հրավիրյալների ընտրությունը ես եմ իրականացրել։ Քննարկման գաղափարը առաջացել է «Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճռի հրապարակումից հետո: Դիմել եմ իրավասու պետական մարմիններին, իմ թիմակիցներին, ստացել եմ դրական արձագանք եւ կազմակերպել հանրային քննարկումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար, ինքս հրավիրել եմ պարոն Քոչարյանին՝ մասնակցելու քննարկմանը»։
Պետք է արձանագրել, որ ամեն դեպքում գործնականում դա քննարկում էր ոչնչի մասին. քանի որ մարտի 1-ի տասը զոհերից գոնե մեկի սպանությունը մինչ օրս բացահայտված չէ: Փաշինյանը իշխանության է մոտ 8 տարի։
ֆուտբոլային խայտառակությունը խորանում է. գաճաճ պետությունների մակարդակին ենք իջել
Կիրակի օրը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը խայտառակ (9:1) հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից. վերջինս հանդես էր գալիս առանց լեգենդար Կրիստիանո Ռոնալդուի:
Մեր հավաքականը աշխարհի առաջնության ընտրական F խմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը: Ընտրական այս փուլում մեր թիմը 6 խաղերից 5-ում պարտվեց, տարավ 1 հաղթանակ: Մերոնք բաց թողեցին 19 գնդակ` խփելով ընդամենը 3-ը: Երկրպագուական շարժումներից մեկի անդամներից հետաքրքրվել ենք, թե ինչ սպասելիքներ ունեն Եղիշե Մելիքյանից, ու արդյոք տարօրինակ չէ, որ նախկինում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանին (Մելիքյանը վերջինիս անվանել էր Ռուդոլֆ, ով հայտնի կրիմինալ սերիալի հերոսներից էր) խստագույնս քննադատելուց հետո Մելիքյանը համաձայնել է գալ նրանց ճամբար ու փաստացի աշխատում է Մելիքբեկյանի ու Նիկողոսյանի ենթակայության տակ, գրանցում խայտառակ արդյունքներ:
Մեր աղբյուրը փոխանցեց, որ փակ հանդիպումներ են ունենում Եղիշե Մելիքյանի հետ, ու տպավորություն են ստացել, որ ֆեդերացիայի ղեկավարությունը լավ աշխատավարձ է տալիս Եղիշե Մելիքյանին, եւ հիմա նրան «ուղարկում են» ֆուտբոլային «ընդդիմադիրների» մոտ, որպեսզի համոզելով, խաղցր խոսքերով լռեցնի վերջիններիս եւ մեղմի քննադատությունը ՀՖՖ-ի հասցեին: Մեկ այլ ֆուտբոլային աղբյուր նշեց, որ Մելիքյանի աշխատավարձը մի քանի միլիոն դրամի է հասնում:
Ֆուտբոլային ոլորտից մեկ այլ անձ մեր լրագրողի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ Եղիշե Մելիքյանը դրական վարկանիշ ունեցող մարդ էր, ու արժանի չէր այն քննադատություններին ու հայհոյանքներին, որոնք հնչեցին Պորտուգալիայի հետ խաղից հետո։ Ըստ շրջանառվող կարծիքների՝ Մելիքյանը պետք է շարունակեր աշխատել «Փյունիկ»-ում, որտեղ նա որեւէ խնդիր չուներ, եւ ոչ մի դեպքում չպետք է աշխատեր ֆեդերացիայի հետ։
Թեեւ հիմա էլ ամեն ինչ կորած չէ. պատվաբեր կլիներ, եթե 9։1 հաշվից հետո թե՛ Արմեն Մելիքբեկյանը թե՛ Եղիշե Մելիքյանը ներողություն խնդրեին ու հեռանային, ինչպես 2019 թվականին վարվեց Աբրահամ Խաշմանյանը՝ Իտալիայից կրած պարտությունից հետո՝ նույն 9։1 հաշվով:
Հ.Գ. Եղիշե Մելիքյանի՝ հավաքականը գլխավորելու պահից որոշել էինք շանս տալ նրան աշխատելու՝ հույս ունենալով, որ դրական (գոնե ոչ խայտառակ) արդյունքներ կունենանք, սակայն կյանքը ցույց տվեց, Մելիքյանը չկարողացավ բեկում մտցնել, իսկ երկարաժամկետ ռեֆորմներ անելու համար մասնագետներն այդքան էլ չեն հավատում նրա կարողություններին:
Ըստ հիմնավորման՝ Մելիքյանը էմոցիայի մարզիչ է, մինչդեռ մեր հավաքականը մարզել են ավելի բարձրակարգ, լուրջ ակումբներ ու հավաքականներ մարզած անհատներ (Կապարոս, Պետրակով եւ այլք), որոնք երկարաժամկետ աշխատանքի հնարավորություն այդպես էլ չստացան:
Հ.Գ. 2. ՀՖՖ-ի հովանու ներքո գտնվող տարբեր տարիքային հավաքականներ շարունակում են խայտառակ պարտությունների շարքը ու չեն զիջում գլխավոր թիմին: Այսպես՝ մինչեւ 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի նախընտրական փուլի խմբային փուլում զբաղեցնում է վերջին հորիզոնականը՝ զիջելով Կիպրոսի, Հյ. Մակեդոնիայի ու Ֆինլանդիայի իրենց հասակակիցներին. նրանք պարտվել են մինչ այս պահն անցկացրած բոլոր խաղերը։
Մինչեւ 19 տարեկանների հավաքականը նույնպես Եվրոպայի եզրափակիչ փուլ դուրս գալու համար խմբում պարտվել է անցկացրած բոլոր երեք հանդիպումները եւ նույնպես վերջին հորիզոնականում է՝ զիջելով Գերմանիայի, Նորվեգիայի ու Կոսովոյի իրենց հասակակիցներին:
Ամենաողբերգականը թերեւս 21 տարեկանների վիճակն է, այստեղից պետք է նոր կադրեր մատակարարվեն գլխավոր թիմ. նրանք հիմնական ռեզերվն են։ Եվրոպայի ուղեգրի համար պայքարում E խմբում ընդգրկված U 21-ները նույնպես բոլոր խաղերում պարտություններ են գրանցել. նրանց մասնակցությամբ անցկացվել է 6 խաղ։ Այս թիմը խմբային մրցաշարում բաց է թողել 17 գնդակ, հեղինակել` ընդամենը 3-ը։
Այսպիսով` փաստենք, որ բոլոր տարիքային խմբերում ավարտված ու ավարտվող փուլերում Հայաստանի հավաքականի մասնակիցները վերջին տեղում են։ Այսքանից հետո, եթե Մելիքբեկյան-Նիկողոսյան տանդեմը մնալու է եւ ՀՖՖ-ն ղեկավարի՝ ուրեմն մյուս բոլոր կառույցներին ազդակ է, որ արդյունք գրանցել պետք չէ. պարզապես հարկավոր է լոյալ լինել Նիկոլ Փաշինյանին եւ վերջ։
«Ռոլեքս», «Տիսոտ» թանկարժեք ժամացույցներ՝ ՔՊ պաշտոնյաների ձեռքին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թանկարժեք կերպարը դարձավ քննարկման առարկա։
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Արմեն Կոտոլյանի թանկարժեք ժամացույցը։
«Ժողովուրդ»-ի լրագրողը հարցազրույց էր ունեցել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հետ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների շրջանակում։
Մինչ Կոտոլյանը գովում էր թիմին եւ արդեն համայնքապետ Արգիշտի Մեխակյանին, մեր աչքից չվրիպեց նրա ժամացույցը։
Արմեն Կոտոլյանը կրում էր Tissot հայտնի բրենդի ժամացույց: Նմանատիպ ժամացույցը կայքում վաճառվում է 425 ԱՄՆ դոլար՝ 150-160 հազար դրամ, մանրածախ գնման դեպքում։
Դիտել ժամացույցը https://www.tissotwatches.com/en-us/T1504171104100.html
Թանկարժեք ժամացույց է կրում նաեւ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ով նույնիսկ հայտարարագրել է այն։ Մարզպետի ձեռքին Rolex բրենդի ժամացույց էր, որն արժե 33 հազար դոլար՝ գրեթե 12,5 մլն դրամ։
Խաչատրյանը որպես թանկարժեք իր հայտարարագրել էր նաեւ 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՔՊ վարչության փակ նիստին Նիկոլ Փաշինյանը բարձր տրամադրությամբ է եկել: Նախ, նա ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին է շնորհակալություն հայտնել Վաղարշապատի ընտրությունների հաղթանակի համար, այնուհետեւ ՔՊ-ի 20 հոգանոց վարչության անդամների ներկայությամբ գովաբանել ու ծափերով դիմավորել է Արգիշտի Մեխակյանին: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն անձամբ է ասել, որ Մեխակյանին վարչության նիստին հրավիրեն, որպեսզի շնորհավորեն ու մեծարեն Էջմիածնում հաղթանակի հասնելու համար:
Մեխակյանն ու Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը վարչության անդամների մոտ գովասանքի խոսքեր են լսել Փաշինյանից:
Փաշինյանը ՔՊ վարչությանն ակնհայտ ցույց է տվել, որ այս նվաճումը նախարարի, մարզպետի ու Մեխակյանի հաղթանակն է: Ավելին՝ նշել է, որ նրանք «լույս» բացեցին ՔՊ-ի համար` առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հույս ունենալու համար:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ՔՊ վարչության փոխնախագահները կրկին լինելու են էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:



















































































