Ամանորյա զարդարանքները քաղաքին հաղորդում են ուրախություն ու ջերմություն, սակայն դրանց արժեքը պետական բյուջեի համար հասնում է միլիոնների, երբեմն էլ՝ միլիարդների։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը այս տարի կմիանան դեկտեմբերի 14-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը շտապեց հետաքրքրվել, թե որքան է արժենալու ամանորյա ձեւավորումն ու ինչ բեռ է այն դառնալու ՀՀ բյուջեի համար։
Քաղաքապետարանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցմանը, հայտնել է.
«Երեւան քաղաքի տոնական ձեւավորման աշխատանքների կատարման համար հայտարարվել է երկփուլ մրցույթ՝ գնման ընթացակարգով ընդհանուր 607.645.000 ՀՀ դրամ, որից 57.645.000 ՀՀ դրամով նախատեսվում է ձեռք բերել Հանրապետության հրապարակի մայր տոնածառի ճյուղեր, լույսեր եւ վարչական շրջաններում տեղադրվող տոնածառերի լույսեր եւ գագաթներ:
Հայտնում ենք նաեւ, որ վերոնշյալ երկփուլ մրցույթի շրջանակում իրականացվելու են Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման եւ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություն, որի համար նախատեսվել է 345.000.000 ՀՀ դրամ»:
Արդյունքում պարզ է դառնում, որ Երեւանի քաղաքային իշխանությունները Ամանորի տոնական նախապատրաստությունների համար նախատեսում են ծախսել 952 մլն 645 հազար դրամ՝ գրեթե 1 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար։
Մերձավանում ՔՊ-ական Ախտոյանի եւ Վալոդյա Գրիգորյանի թիմակիցների կրակոցների գործով քննիչին պաշտոն են տվել
8 ամիս առաջ Մերձավանում ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եւ Վալոդյա Գրիգորյանի թիմակիցների միջեւ հնչած կրակոցների գործը վարած քննիչ Սեւակ Խաչատրյանը նոր պաշտոն ստացավ. ոչ ավել ոչ պակաս՝ նա նշանակվել է Արմավիրի մարզային քննչական վարչության պետ։
Մինչդեռ եթե 7 ամիս առաջ քննիչ Սեւակ Խաչատրյանը օբյեկտիվ քններ եւ պատասխանատվության կանչեր բոլոր կողմերին՝ չշրջանցելով Մերձավանի նախկին ղեկավար ՔՊ-ական Մհեր Ախտոյանին, որը տանից նստած հետեւում էր ու փաստացի նկարում, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ անխնա ծեծում միմյանց, ինչի հետեւանքով սպանվեց Գրիգոր Օհանյանը, ապա մյուս կրակոցները Մերձավանում չէին հնչի։
Ի վերջո, արդյոք քննիչ Սեւակ Խաչատրյանը չէ՞ր տեսել տեսանյութը, որտեղ ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, Մերձավանի կրակոցների օրը հայտարարում է. «Վալո՛դ, գլուխդ ուտելու եմ», եւ 7 ամիս անց սպանվում է Վալոդյա Գրիգորյանը։
Ահա, Սեւակ Խաչատրյանի վարույթում քննվող գործը մի շարք հարցեր է առաջ քաշում. պաշտոնից ազատվում է իր նախկին ղեկավարը, իսկ ամիսներ անց հենց ինքն է պաշտոն ստանում։
Հրամանը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 12-ին՝ հիմք ընդունելով ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 05-ի եզրակացությունը եւ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 20-րդ հոդվածի 7-րդ մասով։
Հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սեւակ Խաչատուրի Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Դատական համակարգում «բունտ» է հասունանում. գործադուլ կսկսեն
Դատական համակարգում դժգոհության նոր ալիք է հասունանում, եւ չի բացառվում, որ իրավիճակը հասնի գործադուլի։ «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե բոլոր դատարաններից ստացել է ահազանգեր. դատավորների օգնականները, գործավարները եւ նիստերի քարտուղարները հայտնում են, որ գործող ծանրաբեռնվածությամբ անհնար է աշխատել ցածր աշխատավարձով, ու նրանք այլեւս չեն պատրաստվում լռել։
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի հունիսի 24-ին վարչական դատարանի աշխատակիցները սկսել էին գործադուլ։ Դատական դեպարտամենտը, փորձելով մեղմել իրավիճակը, հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Դատական իշխանությունը դեռեւս 2023-ից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս խնդիրը: «Դեպարտամենտը եւ Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, եւ հարցը գտնվում է պետական մարմինների ուշադրության կենտրոնում։
«Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարեւորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչեւ աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը» – նշված էր հայտարարությունում։
Արդեն մեկուկես տարի է անցել, սակայն վարչական դատարանում իրավիճակը նույնն է, խնդիրը չի լուծվել: Հիմա էլ մյուս դատարաններում աշխատակիցները որոշել են չլռել։
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ Կաթողիկոսի հրաժարականին հասնելու պլանը շարունակվում է իրականացվել։
Իշխանություններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը իր նեղ շրջապատում հայտարարել է՝ արդեն ձեւավորվել է սրբազանների մի խումբ, որը գործում է հօգուտ իշխանության, եւ այժմ իրենց նպատակին հասնելու համար քայլերի պլան է մշակվում:
Ըստ մեր աղբյուրների՝ այդ սրբազանները հոգեւորականների հետ ներքին քննարկումների ժամանակ պետք է հետեւողականորեն խոսեն Կաթողիկոսի շրջապատի ներկայացուցիչների գործողությունների, նրանց պատճառով սկսված հակաեկեղեցական արշավի եւ սպասվող ճնշումների մասին։
Իշխանական մեր աղբյուրների համաձայն՝ այս գործընթացը նախատեսված է այնպես, որ Կաթողիկոսի շուրջը դժգոհությունների «բունտ» հասունանա՝ նրան մղելով Վեհարանը լքելու որոշման։
Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը ներքին զրույցներում համոզմունք է հայտնում՝ առաջիկայում ճնշումները առավել կուժեղանան, եւ իշխանությունն իր համար ցանկալի արդյունքին կհասնի բավական շուտ։
Մեր աղբյուրները հավելում են, որ հոգեւորականների նկատմամբ իրականացվող «որսը» առաջիկայում ավելի է սրվելու։ Ըստ նույն տեղեկությունների՝ կարգալույծ Ստեփան Ասատրյանը (Տեր Արամը) գլխավորելու է այն հոգեւորականների «միությունը», որոնք հանդես են գալու Կաթողիկոսի դեմ։ Նշվում է, որ Ասատրյանը իշխանությունների կողմից ստացել է անհրաժեշտ երաշխիքներ՝ իրականացնելու իր նախաձեռնությունները, ինչի արդյունքում Փաշինյանը, հնարավոր է, հասնի Կաթողիկոսի հեռացմանը Վեհարանից, իսկ Ասատրյանը կվերադառնա եկեղեցի՝ չեղարկելով իր կարգալույծ լինելու որոշումը։



















































































