Մասիս համայնքի ավագանու երեկվա արտահերթ նիստում միաձայն կերպով համայնքի ղեկավար ընտրվեց «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը։
Դավիթ Համբարձումյանի պաշտոնավարման ընթացքում Հակոբյանը զբաղեցնում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս անգամ համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածու չի առաջադրել։
2021 թվականին Հակոբյանը հրաժարական էր ներկայացրել, ապա 2022 թվականին վերընտրվել էր համայնքի տեղակալի պաշտոնում։ Նորայր Հակոբյանը փաստաբան է, Փաստաբանների պալատի անդամ։
Հարկ է նշել, որ Դավիթ Համբարձումյանին կալանավորելուց հետո՝ նոյեմբերի 11-ին, նրա լիազորությունները դադարեցվել էին։
Իսկ ի՞նչ ունեցվածք ունի
Նորայր Հակոբյանը
Մասիսի նորընտիր համայնքապետ Նորայր Հակոբյանը 2024 թվականին ներկայացրել է անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր, որի համաձայն նախորդ տարի՝ 2024 թվականին, Մասիսի բազմաբնակարան բնակելի շենքերից մեկում ձեռք է բերել բնակարան՝ 22 մլն 725 հազար դրամ արժեքով։
Հակոբյանը 2024 թվականի հունվարին գնած հողամասը հայտարարագրում նշել է որպես տարեսկզբին ունեցած անշարժ գույք, բայց չի ներկայացրել գույքի ձեռքբերման արժեքը։
Մասիսի համայնքապետը տվյալ տարվա սկզբին հայտարարագրել է հետեւյալ տրանսպորտի միջոցները. 2023 թվականին 2 մլն դրամով ձեռք բերած, 2004 թվականի արտադրության PORSCHE մակնիշի մեքենան, 2021 թվականին ձեռք բերած, 1990 թվականի արտադրության MAZ մակնիշի ավտոմեքենան։
Հակոբյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 16 մլն դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները՝ 9 մլն 826 հազար դրամ, որից 5 մլն դրամն այլ եկամուտ է, որի աղբյուրը նախկին փոխհամայնքապետը չի հրապարակել։
Եկամուտներից 4 մլն 826 հազար դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը՝ Մասիսի համայնքապետարանի աշխատակազմից։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն դրամ, որը բնակարանի հիփոթեքային պարտավորությունների մնացորդն է։
Հանգստի համար կատարված ճանապարհածախսերը կազմել են 2 մլն դրամ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























