Սամվել Կարապետյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Վարդեւանյանը:
«Դատավորը 100-ից 100 կատարեց «Հայական ժամանակ»-ի կանխատեսումը (երեկ լրատվականը, դեռեւս որոշումը չկայացված, արդեն գրել էր կալանքի երկարաձգման մասին – խմբ.)։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ Սա պարզապես անլրջություն է», – ասաց Վարդեւանյանը։
Փաստաբանն ասաց, որ ինքն ու գործընկերները նիստում ներկայացրել են «Հայկական ժամանակ» թերթի՝ երկուշաբթի օրվա հրապարակումը, ինչին ի պատասխան՝ դատավորը վրդովմունք է հայտնել, թե իբր ում տեղն են դրել իրեն, ինչպես թե ինքը պետք է առաջնորդվի լրատվամիջոցի կանխատեսումներով։ Այդպես եղավ սակայն այս տարվա հունիսի 17-ին. Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիորեն կանխորոշեց իրավապահների գործողությունները: Այս դեպքում նույնպես «Հայկական ժամանակ»-ը «կանխորորոշեց» դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին գրել էր դեռեւս նոյեմբերի 12-ին՝ մեր աղբյուրների հայտնած տեղեկության փոխանցմամբ նշելով, որ նոյեմբերի 18-ին գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքի ժամկետի լրանալու օրը որոշում կա դարձյալ երկարաձգելու նրա կալանքը։
«ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը ներքին հրահանգ է տվել՝ սահմանված ժամկետի լրանալուց յոթ օր առաջ միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ։ Ասել է թե՝ նախաքննական մարմինը ներկայում պատրաստվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու մասով դիմել դատարան»։
Փաստացիորեն, այդպես էլ եղավ։ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվում է արդեն 4-րդ անգամ։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը, դրանից հետո եւս մեկ ամսով երկարացվել էր նրա կալանքը։
Ավելի ուշ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ























